Վերջին օրերին Արցախի սահմանին տիրող պատերազմական իրավիճակը ոտքի հանեց ոչ միայն հայոց բանակն ու մարտնչելու պատրաստ հազարավոր կամավորների, այլեւ աղոթողների բանակը, ովքեր իրենց լուռ աղոթքով են ամեն օր զինվորի կողքին: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին միասնական աղոթքի շաբաթ է սկսել: Ապրիլի 10-ից սկսած, ամեն օր ժամը 18:00-ին, ՀԱԵ բոլոր եկեղեցիները Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում, և շրջաններում միասնական աղոթք են բարձրացնելու մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
Կարեւոր է, որ մենք՝ որպես քրիստոնյա, հավատացյալ ժողովուրդ, հիշենք Աստծո հետևյալ խոսքը. «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը՝ Ամենակարողի հովանավորության տակ է հանգստանում» Սաղմոս 91.1։
Ավելի քան 1700 տարի հայ ժողովուրդը փորձառաբար տեսել, էապես գիտակցել և խորապես հավատացել է երկինքն ու երկիրը ստեղծող իրական Աստծուն, Ով Իր Միածին Որդու միջոցով մեզ Իր ընտանիքն է դարձրել և Իր սեփական ժողովուրդը (Ա.Պետրոս 2.9-10):
Բարձրյալ Աստված Իր ծածկոցի տակ է վերցրել մեր երկիրը, մեր սահմանները, մեր զինվորներին ու մեր ժողովրդին և Իր ապահով ձեռքերում ենք մենք մեր հանգիստը գտնում։
Նա է մեր ապավենը և միակ հույսը, որին հուսացել ենք։ Նա Իր հրեշտակների միջոցով պիտի պահի մեզ այս ընթացքի մեջ․ «Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում» Սաղմոս 91.11։
Ուրեմն եկեք միաբանվենք աղոթքով, Աստծուն ուղղենք մեր աղերսանքը Հայաստանի ու Արցախի համար և Իր թևերի տակ վերագտնենք մեր հանգիստն ու ապահովությունը։