.
Կիրակնօրյա Պաշտամունք

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Տերունական օրվա պաշտամունքը Հայաստանի ու Արցախի գրեթե բոլոր քաղաքներում սկսում է կիրակի առավոտյան ժամը 11:00-ին: 

ՀԱԵ կիրակնօրյա պաշտամունքն անհատ հավատացյալների միասնաբար Տիրոջ առջև կանգնելու և Իր անվանն արժանի պաշտամունք մատուցելու հավաքական փորձառություն է: Պաշտամունք, որ բխում է հոգուց և ճշմարտությամբ է (Հովհ. 4.23-24): Հետևաբար, հավաքական պաշտամունքի մթնոլորտը մեծապես կապված է մեր՝ Աստծո հետ ունեցած անհատական պաշտամունքի ամենօրյա փորձառությունից:

ՀԱԵ պաշտամունքի կառույցի հիմքում Եսայ. 9.1-9 հատվածն է: 

Այն Աստծուն ուղղված փառաբանություն, երկրպագություն է: Աստված է փառավորվում, երբ հավատացյալները մեկտեղվում են՝ իրենց գոհունակությունն ու երախտագիությունը հայտնելու Նրան՝ ԻՐ Ով լինելու և ԻՐ բազում ողորմությունների՝ հատկապես Իր Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի անձնազոհ փրկագործության համար: 

Աստծո ներկայության գիտակցության մեջ ամեն անգամ հավատացյալների հոգին ու միտքն է նորոգվում, երբ լուռ կամ բարձրաձայն աղոթք է բարձրանում դեպի Աստված ինքնաքննության, մեղքերի խոստովանության և թողության, ինչպես նաև փրկության վստահության վերահաստատման համար: 

ՀԱԵ պաշտամունքի գագաթնակետն Աստծո Խոսքի մատակարարումն է և Սբ. Հոգու առաջնորդությամբ դրա գործնական կիրառման հրավերը, հորդորը, որին յուրաքանչյուր անհատ և որպես հավաքական եկեղեցի՝ հավատացյալները կանչված են արձագանքելու և կյանքի կոչելու առօրյայում: