.
Կանոնադրություն

Կանոնադրությունը հաստատված է  ‹‹Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի›› կրոնական կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից:
Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր ԿԳՊԽ նախագահի 01.07.1994թ. որոշմամբ ՀՎՀՀ00035519: 
Նոր խմբագրությամբ կանոնադրությունը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 29.02.2008թ.:
Գրանցման թիվ` 211.173.04645,  Վկայական թիվ` 03 Ա 079605 «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ»

ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ

1. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ավետարանական եկեղեցին կազմավորվել է 1846 թ. հուլիսի 1-ին Կ.Պոլսում և կոչվել «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի»:1918-30 թթ. Հայաստանում և Անդրկովկասում կային հազարավոր հայ ավետարանական քրիստոնյաներ: Գրեթե բոլոր համայնքներն ունեին եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ:1920-ական թվականների վերջին Խորհրդային Միությունում ուժեղացան հալածանքները կրոնական համայնքների նկատմամբ: 1930-ից Խորհրդային Միության տարածքում, ի թիվս այլ կրոնական կազմակերպությունների, արգելվեց նաև հայ ավետարանականների մոտ 35 համայնքների և նրանց եկեղեցիների գործունեությունը:1944թ. հոկտեմբերին Խորհրդային Միությունում թույլատրվեց ավետարանականների և մկրտական քրիստոնյաների պաշտոնական գործունեությունը մեկ ընդհանուր միության մեջ:1994թ. հուլիսի 1-ից Հայ ավետարանական եկեղեցին ՀՀ-ում պաշտոնապես գրանցվեց «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» անունով և ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին մաս է կազմում  Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, որն ընդգրկում է նաև՝     

  • Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների  միությունը
  • Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միությունը
  • Եվրասիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների միությունը
  • Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների միությունը
  • Բուլղարիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների միությունը
  • Եվրոպայի Հայ Ավետարանական Եկեղեցիների ընկերակցությունը

 2․ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» (կրճատ` ՀԱԵ, նաև Հայ Ավետարանական Եկեղեցի) կրոնական կազմակերպությունը (այսուհետ՝  Եկեղեցի)  համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է, որի հավատքի Գլուխն ու Առաջնորդն է Տեր Հիսուս Քրիստոսը, հավատքի ու գործի կանոնը` Աստվածաշունչ Մատյանը:ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՀավատում եմ Ամենակալ Հայր Աստծուն՝ երկնքի և երկրի Ստեղծողին, և Նրա Միածին Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը հղացվեց Սուրբ Հոգուց, ծնվեց Մարիամ կույսից, չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրով, խաչվեց, մեռավ ու թաղվեց և, երրորդ օրը հարություն առնելով մեռելներից, երկինք համբարձվեց և ամենակալ Հայր Աստծո աջ կողմը նստեց, որտեղից էլ պիտի գա դատելու ողջերին և մեռյալներին: Հավատում եմ Սուրբ Հոգուն, ընդհանրական Սուրբ Եկեղեցուն, սրբերի հաղորդությանը, մեղքերի թողությանը, մարմնի հարությանը և հավիտենական կյանքին:ՆԻԿԻԱԿԱՆ  ՀԱՆԳԱՆԱԿՀավատում ենք մեկ Աստծու՝ Ամենակալ Հորը, որ ստեղծողն է երկնքի  և երկրի, տեսանելիների և անտեսանելիների: Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն` Հոր էությունից: Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որով եղավ ամեն բան երկնքի մեջ և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի: Որ մեզ` մարդկանց համար և մեզ փրկելու նպատակով իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, կատարյալ կերպով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից` Սուրբ Հոգով:Որով վերցրեց մարմին, հոգի և միտք, և ամեն ինչ, որ կա մարդու մեջ, ճշմարտապես և ոչ կարծեցյալ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, երկինք ելավ նույն մարմնով և նստեց  Հոր աջ կողմը:Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մեռածներին:Որի թագավորությունը վերջ չունի:Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղծ և կատարյալ, որ խոսեց Օրենքի, մարգարեների և Ավետարանների մեջ: Որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ:Հավատում ենք նաև միակ ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի թողության, մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի թագավորությանը և հավիտենական կյանքին:

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ

Հավատում եմ երկնքի և երկրի Արարչին, Ամենակարող մեկ Աստծու` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Հավատում եմ, թե մարդը Աստծո պատկերով է ստեղծված, բայց մեղքի մեջ է ընկած և միայն Աստծո շնորհքով կարող է ազատվել մեղքի իշխանությունից և արժանանալ Հայր Աստծո հաճությանը:Հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնացավ և իր կյանքով ու վարդապետությամբ, չարչարանքով ու մահվամբ մարդկային ցեղի համար կատարյալ փրկություն պատրաստեց:Հավատում եմ, որ մեռելներից հարություն առնելով, Հոր աջ կողմը նստած՝ մեզ համար բարեխոսում է, և Նրա անվանն ամեն հավատացող ձրիաբար մեղքերի թողություն և հավիտենական կյանք կստանա:Հավատում եմ, որ Սուրբ Հոգին, մարդկանց սրտերի մեջ գործելով, նրանց համոզում է մեղքի, արդարության և դատաստանի մասին, թե Նրա միջոցով նոր և սուրբ բնավորություն ենք ստանում:Հավատում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսն ունի երկրի վրա տեսանելի եկեղեցի, որի արարողություններն են Մկրտությունը և Հաղորդությունը: Հավատում եմ, որ Սուրբ Գիրքը  Աստծո ներշնչումով է գրված և բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից,  և որ այն է եկեղեցու հավատքի և գործերի կանոնը: Հավատում եմ մեր Տիրոջ փառքով գալստյանը, մեռելների հարությանը, մեղավորների հավիտենական դատապարտությանը և արդարների հավիտենական կյանքին:                                 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐՀԱԵ-ն առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրությամբ, իր եկեղեցական  ժողովներում սահմանված կանոններով, հովվական ձեռագրքով, ներքին կանոնագրով և սույն կանոնադրությամբ, որոնք  պարտադիր են Եկեղեցու պաշտոնյաների  և   անդամների համար:

4. ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸՀԱԵ-ն պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Իր կանոնադրական գործունեության և ՀՀ օրենսդրության համապատասխան՝ իրավասու է կնքել պայմանագրեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների հետ, ձեռք բերել գույքային և ոչ գույքային անձնական իրավունքներ և կրել պարտավորություններ: ՀԱԵ-ն տնօրինում է իր գույքը, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք՝ իր անվանումով (հայերեն, անգլերեն և ռուսերեն) և խորհրդանիշով, որի վրա դրոշմված են Արարատ լեռը, Ավետարանը, Խաչը: Եկեղեցին ունի իր ձևաթուղթը, տարբերանշանը և հաշվարկային ու այլ հաշիվներ:ՀԱԵ-ն ճանաչված է որպես Հայ Ավետարանական Եկեղեցի և անդամ է Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի: ՀԱԵ  անվանումն է.հայերեն` «Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, կրճատ՝ ՀԱԵռուսերեն` “Евангельская Церковь Армении” религиозная организация, կրճատ՝ ЕЦАանգլերեն` “Evangelical Church of Armenia” religious organization, կրճատ՝ ECAՀԱԵ իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0028, Նիկոլ Դուման 22:ՀԱԵ-ն ունի կենտրոններ և աղոթատեղիներ (տես Հավելված 1):

5. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱԵ նպատակն է` նպաստել Աստծո թագավորության տարածմանը և պաշտել Աստծուն հոգով և ճշմարտությամբ:Այդ նպատակից ելնելով՝ ՀԱԵ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝-  ստեղծել հոգևոր և քրիստոնեական կենտրոններ համայնքի անդամների համար,- քարոզել Քրիստոսի Ավետարանը հավատացյալներին և այլ անձանց` նրանց համաձայնությամբ,-  կազմակերպել Սուրբ Հաղորդության և  Մկրտության խորհուրդներ, պսակի, թաղման և այլ արարողություններ,- քրիստոնեական դաստիարակություն տալ եկեղեցու անդամներին և ցանկացող անձանց,-  իրականացնել բարեգործական ծրագրեր,-  զբաղվել գիտական, կրթական, մշակութային, հրատարակչական և օրենքով նախատեսված այլ գործունեությամբ, այդ նպատակով ունենալ աստվածաբանական կրթական հաստատություններ և սեփական այլ կրթօջախներ, հրատարակել գրքեր և պարբերականներ, կազմակերպել հոգևոր արարողություններ:ՀԱԵ-ն ունի նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ իրավունքներ:

6. ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԵկեղեցու անդամ կարող է լինել  18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով ունի ճշմարիտ ապաշխարության փորձառություն, վերստին ծնունդ և մկրտություն, ընդունում է Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր և Փրկիչ, ՀԱԵ  հավատամքը, վարդապետությունը, Քրիստոնեական Սուրբգրային սկզբունքները, ինչպես նաև սույն կանոնադրությունը և ՀԱԵ ներքին կանոնագիրը,  իր հավատքը դավանում է հրապարակայնորեն և  այն հաստատում կյանքով: ՀԱԵ անդամն իրավունք ունի՝·                  մասնակցել Սուրբ Հաղորդության խորհրդին.·                  արտահայտել իր կարծիքը եկեղեցու անդամական  ժողովներում.·                  ընտրել և ընտրվել եկեղեցու բոլոր կառույցներում.·                  կամավոր դրամական և այլ նվիրատվություններով  օժանդակել ՀԱԵ գործունեությանը. ՀԱԵ անդամը պարտավոր է՝·                  հավատարիմ մնալ իր հավատքին, դավանությանը, ուխտին.·                  վարել  օրինակելի քրիստոնեական կյանք.·                  աշխատել եկեղեցու հոգևոր և բարոյական շինության համար:ՀԱԵ-ի անդամի մյուս իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀԱԵ ներքին կանոնագրով:Անդամակցությունն իրականացվում է անձի կողմից տեղական եկեղեցու հոգաբարձությանն ուղղված դիմումի համաձայն: ՀԱԵ անդամը տեղական եկեղեցու անդամական ժողովի որոշմամբ կարող է զրկվել անդամությունից՝ համապատասխան հիմքերի առկայության պարագայում:Եկեղեցու անդամության հիմքերը, անդամության տրամադրման կարգը և անդամակցությունից զրկման  հիմքերը սահմանվում են ՀԱԵ ներքին կանոնագրով:

7. ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ1. Եկեղեցին՝ որպես Քրիստոսի մարմին և հավատացյալների միավորում, կազմավորվում Է ՀԱԵ անդամներից։ Եկեղեցու բարձրագույն մարմինը ՀԱԵ  անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմված է տեղական եկեղեցիներից ընտրված պատվիրակներից: Պատվիրակների թիվը սահմանվում է՝  ելնելով տեղական եկեղեցու  անդամների ընդհանուր թվից:ՀԱԵ ընդհանուր ժողովը գումարվում է տարին առնվազն մեկ անգամ և ժողովների միջև ընկած ժամանակահատվածում լիազորում է Հոգևոր Խորհրդին՝ իրականացնելու եկեղեցու կառավարումը:

2. ՀԱԵ ընդհանուր ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է 11 անդամից բաղկացած կենտրոնական մարմին՝ Հոգևոր Խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ), երկամյա ժամկետով: Խորհուրդն ունի հետևյալ կառուցվածքը՝ նախագահ, փոխնախագահ, քարտուղար, գանձապահ, անդամներ: Խորհրդի նախագահը և փոխնախագահը պետք է լինեն ձեռնադրված հովիվներ։ Խորհրդի նիստերը տեղի են ունենում տարին առնվազն երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նախագահի, փոխնախագահի և քարտուղարի կողմից՝ նրանց փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի խնդրանքով: Խորհրդի պաշտոնյաներն ընտրվում են Խորհրդի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

3. Խորհրդի պաշտոնյաներն են՝

Նախագահը՝ հրավիրում և նախագահում է Խորհրդի նիստերը, ՀԱԵ ընդհանուր ժողովների նիստերը, վերահսկում կայացված որոշումների իրականացումը:

Փոխնախագահը՝ նախագահի բացակայության կամ հիվանդության դեպքում կատարում է նախագահի  բոլոր պարտականությունները:

Քարտուղարը՝ արձանագրում է Խորհրդի նիստերի ընթացքը, վարում  է Եկեղեցու ընդհանուր նամակագրությունը:

Գանձապահը՝ կատարում է Եկեղեցու բոլոր դրամական գործառույթները և տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հոգևոր Խորհրդին:

4. Խորհուրդն իրավասու է՝

Վերահսկել ՀԱԵ գործունեությունը, լուծել նրա կյանքին վերաբերող վարդապետական, կազմակերպական և կարգապահական խնդիրները, մշակել եկեղեցու ընդհանուր ռազմավարությունը ծառայության բոլոր ասպարեզներում:

Կազմակերպել հովվական ձեռնադրություններ, կանոնադրական և կարգապահական խախտումների դեպքում ետ վերցնել ձեռնադրությունը՝ կարգալույծ անել: Ձեռնադրության թեկնածուները կարող են առաջադրվել Հոգևոր Խորհրդի կամ տեղական եկեղեցու հոգաբարձության կողմից։

Տարին մեկ անգամ հրավիրել ՀԱԵ ընդհանուր ժողով Եկեղեցու տարեկան գործունեության հաշվետվության քննարկման համար:

Հրավիրել ՀԱԵ արտահերթ ընդհանուր ժողով նախագահի, Խորհրդի անդամների 2/3-ի կամ տեղական եկեղեցիների 1/3-ի խնդրանքով` ՀԱԵ կյանքին ու գործունեությանն առնչվող հրատապ հարցերը քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Կանոնադրական գործունեություն իրականացնելու համար Խորհուրդն իրավասու է ստեղծել համապատասխան խմբեր և հանձնաժողովներ:

ՀԱԵ Հոգևոր Խորհուրդն իրավասու է լիազորել  անհատների՝  ներկայացնելու ՀԱԵ շահերը պետական, հասարակական և միջեկեղեցական մարմիններում:

5. Տեղական եկեղեցու մարմիններն են տեղական եկեղեցու անդամների ընդհանուր (անդամական) ժողովը և տեղական եկեղեցու հոգաբարձությունը:Տեղական եկեղեցին կառավարվում է տեղական եկեղեցու հոգաբարձության կողմից: Հոգաբարձությունը կազմվում է հովվից և առնվազն 4 անդամներից, որոնք ընտրվում են տեղական եկեղեցու անդամական ժողովում՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Տեղական եկեղեցու անդամական ժողովը հրավիրում է հոգաբարձությունը՝ տարեկան հաշվետվության ներկայացման համար, նաև  եկեղեցու կարիքներից ելնելով:Եկեղեցու հոգաբարձությունը պատասխանատու է եկեղեցական ողջ գործունեության և կյանքի համար։ 

8. ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ՀԱԵ հոգևոր պաշտոնյաներն են ավագ հովիվը, հովիվը, օգնական հովիվը, արտոնյալ քարոզիչը, սարկավագները, հոգաբարձությունը, քրիստոնեական դաստիարակության ծառայությունների պատասխանատուները և այլ հանձնախմբերի անդամներ:Ավագ հովիվը նշանակվում և ազատվում է Հոգևոր Խորհրդի կողմից և հաշվետու է Խորհրդին: Ավագ հովիվը պատասխանատու է ՀԱԵ ընդհանուր գործունեության համար, ՀԱԵ Խորհրդի լիազորությամբ ներկայացնում է ՀԱԵ շահերը պետական, հասարակական և միջեկեղեցական մարմիններում: Ավագ հովվի լիազորությունները և պարտականությունները հաստատվում են ներքին կանոնագրով:Եկեղեցու հոգևոր հովիվն ընտրվում և ազատվում է պարտականություններից ՀԱԵ Հոգևոր Խորհրդի որոշմամբ`տեղական Եկեղեցու հոգաբարձության հետ հարցը քննարկելուց հետո:                              ՀԱԵ Սուրբ Խորհուրդները կարող են մատակարարել միայն ձեռնադրված հոգևոր պաշտոնյաները: Ձեռնադրյալ հոգևոր հովվի բացակայության պայմաններում Խորհուրդները կարող է մատակարարել արտոնյալ քարոզիչը  կամ որևէ այլ ուղղադավան եկեղեցու հովիվ:Բոլոր պաշտոնյաների իրավասությունները սահմանվում են ներքին կանոնագրով:

9. ԵԿԵՂԵՑՈՒ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եկեղեցու գոյության, կենսունակության և առաքելության իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ էական ծառայությունները, որոնք իրականացվում են տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով և բարեսիրական հիմունքներով.

1.      Կիրակնօրյա դպրոց երեխաների համար՝ ծնողների համաձայնությամբ

2.      Պատանյաց կազմակերպություն՝ ծնողների համաձայնությամբ3.      Երիտասարդաց միություն4.      Աստվածաշնչի սերտողության խումբ

5.      Ուսուցչական դասարան և ամուսնական զույգերի ընկերակցություն

6.      Ավետարանչական բաժին

7.      Կանանց միություն

8.      Երգչախումբ

9.      Մշակութային ծառայություն

10.    Կրթական ծառայություն

11.    Հրատարակչական ծառայություն

12.    Բարեգործական ծառայություն

13.    Բժշկական, առողջապահական ծառայություն

14.    Մարզական ծառայություն                                       

Այս ծառայությունները պատկանում են եկեղեցուն և հաշվետու են  հոգաբարձությանը:

10. ԵԿԵՂԵՑՈՒ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԱԵ-ն  կարող է սեփականության և օգտագործման իրավունքով ձեռք բերել, ինչպես նաև օտարել  անշարժ և շարժական գույք: Այս իրավասությունը հաստատում է ՀԱԵ ընդհանուր ժողովը: ՀԱԵ  նյութական միջոցները ձևավորվում են կամավոր դրամական և այլ նվիրատվությունների միջոցով:     ՀԱԵ-ն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք չունի:

11. ԵԿԵՂԵՑՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

ՀԱԵ-ն կարող է լուծարվել՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն կամ այդ նպատակով հրավիրված ՀԱԵ  ընդհանուր ժողովի որոշմամբ: Ժողովը իրավասու է որոշում կայացնել, եթե ներկաների թիվը կազմում է ընդհանուր ժողովի անդամների առնվազն 75 տոկոսը, և եթե որոշման օգտին է քվեարկել ներկաների առնվազն 3/4-ը: ՀԱԵ-ին պատկանող ամբողջ սեփականության  տնօրինումը որոշում է ՀԱԵ ընդհանուր ժողովը` այն քրիստոնեական նպատակներին ծառայեցնելու պայմանով և տնօրինվում ՀՀ  օրենսդրության համաձայն: 

12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ՀԱԵ ընդհանուր ժողովի որոշմամբ` ձայների առնվազն 2/3-ով և ՀՀ Պետական ռեգիստրի  կենտրոնական մարմնի կողմից այդ փոփոխությունների և լրացումների պետական գրանցմամբ:

Հավելված 1

ՀԱԵ-ի հիմնական կենտրոնները և աղոթատեղիները՝ ք. Երևան Բաղրամյան 18ք. Երևան Նիկոլ Դուման 22, Լոռու մարզ ք. Վանաձոր, Իսահակյան 3, Լոռու մարզ ք. Ստեփանավան, Դուրյան 30, Արարատի մարզ գ. Այնթապ, Արարատի մարզ ք. Արտաշատ, Արմավիրի մարզ ք. Արմավիր, Լոռու մարզ ք. Ալավերդի, Լոռու մարզ ք. Թումանյան, Լոռու մարզ գ. Շիրակամուտ, Լոռու մարզ ք. Սպիտակ, Լոռու մարզ գ. Ուռուտ, Շիրակի մարզ ք. Արթիկ, Շիրակի մարզ ք. Գյումրի, Սյունիքի մարզ ք. Գորիս, Վայոց Ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Տավուշի մարզ ք. Դիլիջան, Տավուշի մարզ ք. Իջևանք, ք. Երևան՝ Շենգավիթք, ՀԱԹ, Զեյթուն: