.
ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ, ԴՈԿՏՈՐ ՄՈՎՍԵՍ ՃԱՆՊԱԶՅԱՆԻՆ

Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Ավետարանական Երեւանի Բաղրամյան 18 հասցեում գտնվող եկեղեցում Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր վերապատվելի, դոկտոր Մովսես Ճանպազյանի ծննդյան 70 և մահվան 15 ամյակին:

1987-2000թթ. վերապատվելին եղել է Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահն ու Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը:

Վեր. Մովսես Պողոսի Ճանպազյանը ծնվել է 1945թ. Այնճարում (Լիբանան): Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայ Ավետարանական միջնակարգ դպրոցում:
1968-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի արդի եվրոպական պատմության բաժինն ավարտելուց հետո ստանում է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1971-ին, նույն քաղաքի Մերձավոր Արեւելքի աստվածաբանական դպրոցում` Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան:
Վեր. Մ. Ճանպազյանը ծառայել է Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում որպես երիտասարդական խմբերի առաջնորդ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ եւ պատասխանատու, ինչպես նաեւ` կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման խորհրդաժողովների կազմակերպիչ:


Թրադի (Բեյրութ) Հայ Ավետարանական Ընկերային Ծառայության կենտրոնի հիմնադիր տնօրեն աշխատելուց հետո վեր. Մ. Ճանպազյանը ծառայել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ եւ Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու այցելող հովիվ: Նա արգասաբեր գործունեություն է ծավալել Հարավային Ամերիկայում, որտեղ, ի լրումն կանոնավոր հովվական պարտականությունների, նրա ծառայությունները ներառում էին համաքաղաքային ամենշաբաթյա ռադիոծրագրեր, ծառայություններ բանտերում, երիտասարդական եւ հայկական դպրոցական ծրագրեր եւ համայնքային ծառայությունների առաջնորդություն:

Անթիվ են բարեգործական այն ծրագրերը, որոնք, Հայ ԱՎետարանչական ընկերակցությունը ղեկավարելու տարիներին նախաձեռնել է Ճանպազյանը Հայաստանում: Հատկապես 1988-ի երկրաշարժից հետո ՀԱԸ-ի միջոցներով սկսվեցին վերակառուցման աշխատանքներ, կրթական ծրագրեր, նյութական օգնություն, ինչպես նաեւ հոգեւոր ծրագրեր. Աստվածաշնչի արեւելահայերեն տպագրություն եւ առաքում, այդ թվում` Սուրբ Գրքի մանկական տարբերակներ, քրիստոնեական գրականության բաշխում, քրիստոնյա ծառայողների ուսուցում եւ մանուկների քրիստոնեական կրթություն: 

Իր հոդվածներից մեկում նա գրել է. «Իմ նվիրական երազանքն ու աղոթքն է առ Աստված, որ մենք` հայերս` որպես աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդ, լինենք առաջնակարգ քրիստոնյաներ և կարողանանք մեր հաջորդ սերունդներին փոխանցել քրիստոնեական հավատքի լուսատու ջահը և մեր հավատարմությամբ օրհնություն լինել մեր սիրելի ազգի ու համայն մարդկության համար»: