.
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿԸ՝ ՎԵՐ. ՏԻԳՐԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վեր. Տիգրան Անդրեասյանը ծնվել է 1888թ. -ին Սվեդիայի (Մուսա Լեռ) Յողունոլուք գյուղում:

1902թ. -ին նրան ուղարկում են Այնթապ՝ Կենտրոնական Թուրքիայի քոլեջ:

1906-1907 թթ. մեկ տարի ուսուցչություն է անում էքյիզ Օլուգում՝ Քյորքյունեի նախակրթարանում: Կիրակի առավոտները վարժարանի բեմից երկու գյուղերի համար պաշտամունք էր վարում:

1907-1908թթ. սովորում է Սոֆոմորի դասարանում:

1908-1909թթ. պաշտոնավարում է Ֆարթըսլում (գյուղ Կիլիկիայում)՝ որպես ուսուցիչ-քարոզիչ:

Երբ սկսվում են կիլիկյան ջարդերը, ողջ գյուղն Աստծո կամքով մազապուրծ ազատվում է հստակ ոչնչացումից: 1911թ. -ին Տիգրան Անդրեասյանն ավարտում է Կենտրոնական Թուրքիայի քոլեջը:  Բեյլիում հոգեւոր գործով զբաղվելուց հետո նույն տարվա աշնանը Անդրեասյանն ընդունվում է Մարաշի Աստվածաբանական ճեմարան, որն ավարտում է 1914թ. -ին: Նույն թվականին օրիորդ Արաքսի Մնջերյանի հետ ամուսնանալուց հետո ստանձնում է Զեյթունի Ավետարանական եկեղեցու հովվությունը:

1919թ. -ին վերադառնում է Սվեդիա, որտեղ երկու տարի հովվություն է անում Յողունոլիքի եւ Բիթիասի Ավետարանական եկեղեցիներում, իսկ հաջորդ երեք տարիներին, որպես հովիվ, ծառայում է միայն Բիթիասի եկեղեցում:

1924թ. -ին ստանձնում է Քեսապի Ավետարանական եկեղեցու հովվությունը: Նույն թվականին ձեռնադրվում է Հալեպում:

1927թ. -ին կորցնում է կնոջը, մեկ տարի հետո ամուսնանում է օրիորդ Զարուհի Տետեյանի հետ:

1929թ. -ին նրա պաշտոնը Քեսապից կրկին տեղափոխվում է Բիթիաս, իսկ դրանից վեց տարի անց՝ Բիթիասից Քեսապ: Երեք տարի անց տեղափոխվում է Լաթաքիա, որտեղ չորս տարի հովվություն է անում ավետարանական փոքրաթիվ համայնքին: 1942թ. -ի նոյեմբերի 18-ին ստանձնում է Հալեպի Տավուտիե թաղի նորաշեն եկեղեցու հովվությունը:

1949թ. -ից սկսած՝ եղել է Հալեպի Բեթել Հայ Ավետարանական եկեղեցու հովիվը:     

Հավատի մարտիկը

Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Մուսա Լեռ է բարձրանում ժողովրդի հետ միասին, որտեղ ղեկավարում է Վարչական կենտրոնական մարմինը: Մեկուկես ամիս կռիվ մղելուց հետո ֆրանսիական մարտանավերով տեղափոխվում են Եգիպտոս՝ Պորտ Սաիդ:

Լեռ բարձրանալուց մի քանի օր հետո կազմվում է մի քանի հոգուց բաղկացած կենտրոնական գերագույն խորհուրդ: Այդ մարմինը լեռան վրա բարձրագույն հեղինակություն ուներ: Վերապատվելի Տիգրան Անդրեասյանն ընտրվել էր այդ մարմնի նախագահ:

Վեր. Անդրեասյանի գրությունն այն նավապետին, որի նավը կմոտենար ափին:

«Պարո՛ն, դիմում ենք Քեզ հանուն Աստծո եւ մարդկային եղբայրության, դիմում ենք հանուն Քրիստոսի, հանուն քաղաքակրթության, ընդդեմ քաղաքակրթության այս ոսոխին եւ խնդրում, որ ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը: Համաձայնե՛ք, պարո՛ն, փոխադրել մեզ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր: Եթե դա հնարավոր չէ, խնդրում ենք փոխադրել գոնե մեր կանանց, ծերերին ու մանուկներին:

Զինե՛ք մեզ, ու պատրաստ ենք կողք կողքի կռվելու ձեզ հետ թուրքական ուժերի դեմ:

Խնդրում ենք, պարո՛ն, մի՛ թողեք, որ սովամահ լինենք:

Մի՛ թողեք, որ ոչնչանանք, ազատե՛ք մեր կյանքն ու պատիվը, քանի դեռ շատ ուշ չէ:

Դիմադրության վայրից՝ բոլոր քրիստոնյաների անունից՝ Տիգրան Անդրեասյան»: 

 

Նախորդ
...
X