.
ՀԱԵ հավաքականը՝ ֆուտբոլի միջեկեղեցական մրցաշարի չեմպիոն

« ... Ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արեք» Ա Կորնթացիս 10:31:

Ավարտվեց Հայաստանի միջեկեղեցական ֆուտբոլի մրացաշարը, ավարտվեց մրցաշարի նորեկի՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակով:

Հունիսի 8-20-ը՝ 12 օր, 5 խաղ «Միկա» մարզասրահում, 5-ն էլ ՀԱԵ թիմի ընդգծված առավելությամբ: «Ֆրիզբի» ակումբի հետ խաղն ավարտվեց 14:3 հաշվով, «Նշավան»-ի հետ՝ 4:1, «Կենտրոն» թիմի հանդեպ հաղթանակն ամենատպավորիչն էր՝ 25:1: Կիսաեզրափակչում ՀԱԵ թիմը հանդիպեց «Family»-ին, ու հաղթեց 15:3 հաշվով:  Ամենաբարդը, սակայն, եզրափակիչ խաղն էր: ՀԱԵ-ն, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին, հանդիպեց 4 տարի շարունակ չեմպիոնական տիտղոսը կրող «Էրեբունի» թիմի հետ:  

«Իսկապես վերջին՝ եզրափակիչ խաղն ամենալարվածն էր, մրցակիցը շատ ուժեղ էր, մենք՝ նորեկ, բայց հաղթելու մեր ցանկությունն ու թիմային աշխատանքն ավելի ուժեղ գտնվեցին»,- ասում է ՀԱԵ թիմի ավագը՝ Արման Աթայանը:

Եզրափակիչ խաղն իսկապես դիտարժան էր, երկու ուժեղ թիմեր, որոնք իրենց ողջ ներուժը դրել էին հաղթանակի համար: Տևական ժամանակ հաշիվը 2:1 էր՝ հօգուտ ՀԱԵ-ի: Վերջին րոպեներին, սակայն, գործող չեմպիոններին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ էլ ավելի լարված ու անկանխատեսելի դարձնելով խաղի ընթացքը ՀԱԵ թիմի մարզիկների ու երկրպագուների համար: Վճռորոշ դարձավ խաղի վերջին 5 րոպեն, այդ կարճ ժամանակում ՀԱԵ տղաները ևս 2 գոլ խփեցին. հաշիվը դարձավ 4:2, իսկ ՀԱԵ թիմը՝ մրցաշարի չեմպիոն:

«Ինչո՞վ է տարբերվում միջեկեղեցական ֆուտբոլային մրցաշարն այլ մրցաշարերից» հարցին ի պատասխան Արման Աթայանը նշեց. «Մարզիկներից որևէ մեկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ չէր, բայց բոլորը հոգևոր էին, և մենք, խաղի դաշտում մրցակիցներ լինելուց առավել, եղբայրներ էինք: Բոլոր թիմերում հատուկ մարդիկ կային, ովքեր վիճահարույց հարցերը սիրով ու հոգատարությամբ կարգավորելու համար էին: Մեր թիմում այդ ծառայությունն ինձ էր վստահված, որևէ բան չպետք է խաթարեր եղբայրական մթնոլորտը»:

Հենց եղբայրական մթնոլորտում էլ ավարտվեց մրցաշարը: Նախկին չեմպիոնները սեղմեցին նոր չեմպիոնների ձեռքն ու փոխանցեցին հաղթական գավաթը:  Առաջիկայում կկազմակերպվի ընդհանուր մրցաշարի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ֆուտբոլային մրցաշարի 3 լավագույն թիմերին մեդալներ ու հավաստագրեր կտրվեն:

Նախորդ
...
X