.
Պատ. Կարեն Օչինյանը ՀԱԵ Սպիտակի նոր հովիվն է

Կիրակի՝ մայիսի 23-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Սպիտակ քաղաքում հրաժեշտ տվեց գրեթե 24 տարի եկեղեցին հովված պատվելի Սուրեն Մակարյանին և ողջունեց եկեղեցու հովվի պարտականություններն այսուհետ ստանձնող պատվելի Կարեն Օչինյանին: Պաշտամունքի ընթացքում՝ փառաբանությունից հետո, ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը համայնքին հայտարարեց նոր պաշտոնակոչության մասին: Եկեղեցու հոգաբարձության ներկայացուցիչը համայնքի անունից երախտիքի ու հրաժեշտի խոսք ուղղեց պատ. Սուրեն Մակարյանին, որից հետո ավագ հովիվ վեր. Մելքոնյանը հատուկ աղոթք բարձրացրեց պատվելիի համար: Այնուհետև տեղի ունեցավ նոր հովվի՝ պատվելի Կարեն Օչինյանի պաշտոնակոչության արարողությունը: Պատ. Կարեն Օչինյանը պատասխանեց ավագ հովվի կողմից, հովվական ուխտի համաձայն բարձրաձայնվող հարցերին՝ հաստատելով Աստծուն հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը: Նոր հովվի ծառայության մեկնարկն ազդարարվեց ավագ հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի աղոթքով: Այնուհետև, պատ. Կարեն Օչինյանն իր առաջին պատգամն ուղղեց ՀԱԵ Սպիտակի համայնքին: Նա խոսեց Հովհաննես 21.15-19 համարների շուրջ՝ անդրադառնալով ամենադժվար, բայց ամենակարևոր առաքելությանը:

Պատ. Կարեն Օչինյանը ծնվել է 1975 թ.-ին Ստեփանավան քաղաքում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունը: 1998 թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Հայոց բանակում պարտադիր զինծառայությունն ավարտել է կրտսեր սերժանտի կոչմամբ: Հովվական կոչումը հենց այդ տարիներին է ստացել, երբ Աստծո Խոսքի շուրջ է համախմբել բանակային ընկերներին: 1999 թ.-ին ընդունվել և 4 տարի հաջողությամբ սովորել է Հայ Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու անդամ է արդեն 28 տարի, որից 26-ը ծառայում է որպես հովվի օգնական: Տարբեր պատասխանատվություններ ունենալով՝ 10-ը տարի ծառայել է Ստեփանավանում, 10-ը՝  Երևանում, վերջին 5 և կես տարին Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: 2016 թ.-ից արտոնյալ հովիվ է ու կրում է պատվելի կոչումը: Ամուսնացած է, ունի 3 որդի:

Նախորդ
...
X