.
Սեմինար ՀԱԵ առաջնորդների համար

Աստծո Խոսքի հանդեպ պատասխանատվությունն ու այն լավագույն ձևով սերտելու համար անհրաժեշտ գործիքներին տիրապետելու ցանկությունն ապրիլի 29-ին Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից Երևան էր բերել ՀԱԵ ավելի քան 60 առաջնորդների:

Համաճարակի պատճառով ավելի քան մեկ տարվա դադարից հետո սա առաջին նախաձեռնությունն էր, որը միաբանեց ՀԱԵ հովիվներին ու կանանց խմբերում Սուրբ Գրքի սերտողություն առաջնորդող քույրերին:

Հանդիպումը սկսվեց փոքրիկ հյուրասիրությամբ, որին հաջորդեց փառաբանության պաշտամունքը: Պատգամաբերը՝  Վեր. Հովհաննես Հովսեփյանը, խոսեց Փիլիպպեցիս 1.1-5 համարների շուրջ: Պատգամը, որ Ավետարանին հաղորդ լինելու մասին էր, հիանալի նախաբան էր սեմինարի համար:  

Սկզբում սեմինարի մասնակիցները ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի վիդեոդասախոսության միջոցով վերհիշեցին, թե ինչու և ինչպես պետք է սերտել Աստվածաշունչը:

Սեմինարի երկրորդ բաժնում մասնակիցները՝  նախաձեռնող խմբի հետ միասին, քայլ առ քայլ սերտեցին Հռովմեացիս 1.1-7 համարները: Նախ լսեցին հատվածը տարբեր թարգմանություններով ու լեզուներով, այնուհետև ներկայացվեց Հռովմեացիս գրքի ներածությունը՝ ըստ տարբեր մեկնաբանական գրքերի, որից հետո լսեցին նաև նույն հատվածի մեկնաբանությունը՝ ըստ իրենց հասանելի գրքերի:

Վեր. Հովհաննես Հովսեփյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց նաև Սուրբ Գիրքը սերտելու համար օնլայն տիրույթում հասանելի գործիքները, մասնավորապես՝  allbible.info հարթակը, որը հնարավորություն է տալիս համեմատել աստվածաշնչյան տեքստի տարբեր թարգմանությունները, տեսնել բնագիրն ու կարդալ հատվածին առնչվող մեկնաբանական գրքերը:

Սուրբ Գիրքը սերտելու գործիքները, որոնց գոյության ու գործածության մասին սովորեցին սեմինարի մասնակիցները, կօգնեն նրանց էլ ավելի պատրաստված ներկայանալու փոքր սերտողության խմբերում, և Աստծո Խոսքը լիարժեք հասցնելու ինչպես կանանց խմբերին, այնպես էլ համայնքի անդամներին:

Սեմինարի մասնակից կանանց համար նաև փոքրիկ նվեր էր պատրաստվել. ձեռագործ պայուսակ՝  «Ավետարանին հաղորդ կինը» մակագրությամբ, և Դոն Սթորմըրի՝ «Ավետարանը բացահայտող նամակ» գիրքը:

Նախորդ
...
X