.
«Հետեվորդներ 2021»-ը Արցախում

Շուշի, «Պետրոսյան» ճամբար, գիշերակաց, խարույկ, հարազատ դարձած վայրեր․․․ գուցե այստեղ տեսնեիք հենց այսպիսի նկարներ, եթե հնարավոր լիներ 2020 թվականի օրացույցում վերափոխել  սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները։ Սակայն օրացույցը թերթվում է՝ վերադարձի կամ նշումների հատվածում փոփոխությունների հնարավորություն չտալով, և միայն հնարավոր է այսօրը կերտել ու նոր նշումներ գրել՝ ստեղծելով գալիք օրերում սպասվող կամ ափսոսանքը, կամ լավագույնի բերկրանքը։

Եթե համաճարակը փակեց երկրագնդի բոլոր սահմանները, ապա պատերազմը կողպեց տուն տանող ճանապարհը՝ իր մոտ առնելով ճամբարային կյանքի հիշողությունների «բույնը»։ Հենց այսպիսի փակուղիներում հայտնվելը ստիպում է մարդուն զգալ երկրայինի ժամանակավոր լինելը՝ առավել կարևորելով երկնայինի անժամանակն ու մնայունը, իսկ Աստված սկսում է գործել այնտեղ, որտեղ մարդը գիտակցում է՝ այլևս իր ձեռքերն ի վիճակի չեն կառավարել օրերն ու դրանք սարսափելի դարձնող իրավիճակները, և որոշում է օրացույցն ու նշումների հատվածը հանձնել ու վստահել ժամանակներից վեր գտնվող Տիրոջը։

Հենց այսպես փակուղիների առաջ կանգնելով, այսօրը կարևորելով ու Աստծուն հանձնելով՝ նախագծվեց արցախյան համագումար։ Ապրիլի 23-ից 24-ն Արցախի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Ասկերանի և Ստեփանակերտի աշակերտաց խմբերը հավաքվեցին մեկտեղ՝ հետևորդ լինելու իրենց որոշումը ևս մեկ անգամ հաստատելու համար։

«Օնլայն Հետևորդներ 2020» աշակերտների հանդիպումը կայացավ օֆլայն «հարթակում», այլևս՝ «Հետևորդներ 2021» խորագրով։ Պետրոսյան ճամբարը չէր, այլ Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու շենքը, սակայն անկախ պայմաններից՝ հանդիպումն ավելի սպասված էր, գրկախառնությունները՝ ավելի ջերմ, իսկ միասնականությունը՝ ավելի ընգծված։

Պաշտամունքի սրահում հավաքվել էին մոտ 30 պատանի և երիտասարդ, սակայն տպավորություն էր, թե թիվը 100-ից ավելի է․ յուրաքանչյուրը փառաբանում, խաղում ու մասնակցում էր ծրագրային ամբողջ ընթացքին այնչափ եռանդով, որչափ կուտակվել էր սահմանափակող օրերի ընթացքում։

Հենց այստեղ՝ Արցախի սրտում, սրտից սիրտ կապ էր ստեղծվել Գերագույն Ուսուցչի ու Իր աշակերտի՝ Աստծո ու իր զավակի միջև։ Ոչ ոք չէր խոսում անցածից, սակայն բոլորը գիտեին վերքերի մասին․ եկել էին բուժման միակ Ճանապարհի մոտ։ Հետևորդներն իրենց սիրտը նորովի էին բացում Տիրոջ առաջ, որ ապաքինի ու ամբողջացնի իրենց սրտի և սրտի հայրենիքի վերքերը։
Երկու օրերի ընթացքում հոգևոր նորոգություն բերող պատգամներ, կոտրված թևերը բարձրացնող փառաբանություն, ինքնաբացահայտող սեմինարներ, «սառույցներ» կոտրող խաղեր, մթնոլորտը քաղցրացնող ընդմիջումներ․ այս ամենի նպատակը՝ «կարմիր թելը» միաբանություն ստեղծելը, Աստծո իրական հետևորդ լինելու կոչումը ըմբռնելն ու դրան համապատասխան գործնական հավատքի կյանք ապրելն էր։  

Երկօրյա համագումարն ավարտվեց, ինչպես օրացույցի մյուս օրերը, սակայն այն, ինչ թողեց Հետևորդների սրտերում, կմնա իրենց կյանքի բոլոր օրերում։

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X