.
Վարդանանց տոն

 «Ո՛վ Տեր, Դու մեր ապաստարանը եղար սերնդից սերունդ»։ Սաղմոսներ 90.1

451 թ․-ին Սուրբ Վարդանանց հերոսամարտը քրիստոնյա աշխարհի առաջին պատերազմն էր հանուն հավատքի։ Վարդանանց տոնն ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշվում է համայն հայության կողմից։ Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է։ Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը։ Վարդանանց պատերազմը նաև մեր ինքնությունը հաստատելու համար կարևորագույն պայման էր: 451 թվականին, Աստծո զորակցությամբ, հայերը ճակատամարտի դուրս ելան Տղմուտ գետի ափին պարսից անհավասար ուժերի դեմ՝ գիտակցելով մահը: Ինչպիսի անձնազոհություն, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկը կյանքն է: Սակայն Վարդանանց պատերազմում կռվող զինվորը վստահ էր, որ մի ուրիշ աշխարհում՝ Աստծո թագավորության մեջ, Տերը պիտի անմահացնի և բյուրեղացնի բովանդակ այս կյանքը, որ հաճախ գայթում է Տիրոջ նախանշած ճշմարիտ ուղուց: Նրանք գիտակցում էին, որ իրենց մահը հիրավի անմահություն է, և կռվում էին՝ հավատալով, որ Տերն իրենց հետ է: Բոլորին ուղեկցում էր Տիրոջ պատգամը. «Մի՛ երկնչիր, այլ միայն հավատա՛»: Այդ գերագույն հավատը մղեց նրանց կենաց ու մահու ճակատամարտի՝ հանուն Աստծո, եկեղեցու և գոյության իրավունքի: Վարդանանց աոաջնորդում էր. «Հանուն սերունդների, հանուն ձեզ և մեզնից հետո եկողների» կարգախոսը: Թեև անհավասար այդ մարտն արդեն մահ էր, սակայն Վարդանանք, Աստծուն ծառայելու բոլորանվեր սիրո և անմնացորդ նվիրման խորհրդով, դուրս եկան անարդարության մարտադաշտ, արդարությունն ապրեցնելու համար: Վարդանանց քաջերն ականջալուր էին Դավթի պատգամին. «Պատվական է Տիրոջ աոջև իր սուրբերի մահը»:

Միշտ հիշենք, որ Վարդանանք քրիստոնեական առաքինություններով լուսավորված անձինք էին, նրանց պատգամը մեր եկեղեցասեր, ազգասեր և հայրենասեր մնալն է: Ուստի, հավատարիմ մնանք նրանց հիշատակին՝ մեր հոգուց ներս չթողնելով հազկերտների և մոգերի օտարամոտ, սին մոլորությունները: