.
Սուրբ Ծննդյան Բարի լուրը երեխաներին

«Քրիստոս ծնվեց», սա պարզապես ավետիս չէ, որ տարին մեկ անգամ քրիստոնյաները հիշեցնում են միմյանց, սա գիտակցում է՝ Քրիստոս ծնվեց, որ փրկի մեզ մեղքից ու հավիտենական մահից, ծնվեց, որ հաշտեցնի մեզ Հոր Աստծո հետ, ծնվեց, որ մեր հույսը երբեք չմարի:

2021թ.-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին այս հույսի ու փրկության Ավետիսը հասցրեց ավելի քան 15 600 մանուկների, պատանիների ու նրանց ծնողներին՝ Հայաստանի ու Արցախի 45 բնակավայրերում կազմակերպված Սուրբ Ծննդյան ավելի քան 100 միջոցառումների ընթացքում: Բարի լուրի հետ միասին 12000 երեխա ստացավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու ՀԱԵ-ի կողմից նախապես պատրաստված նվերներ՝ գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր, հիգիենայի պարագաներ ու տաք գլխարկներ:

ՀԱՆՔԱՎԱՆ, ԵՐԵՎԱՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

ԱՀԱԸ և ՀԱԵ «Հայասա» թատերախումբը՝ գեղարվեստական ղեկավար Նունե Աբրահամյանի գլխավորությամբ, այս տարի Սուրբ Ծննդյան Բարի լուրը մանուկներին հասանելի դարձրեց  Օսկար Ուայլդի «Եսասեր հսկան» պատմվածքի հիման վրա ստեղծված տիկնիկային բեմադրությամբ: Թատերախումբն իր շրջագայությունը սկսեց Հանքավանի «Շողիկ» ճամբարից, որտեղ պատերազմի առաջին իսկ օրերից հանգրվանել էին արցախցի ընտանիքներ, ու այժմ էլ շարունակում են ապրել Շուշիի ու Հադրութի շրջաններից իրենց տունը կորցրած ընտանիքները: Միջոցառմանը հրավիրվել էին նաև Հանքավանի Փյունիկ գյուղի այն դպրոցի երեխաները, ուր հաճախում են «Շողիկում» ապաստանած արցախցիները:

Եսասեր հսկայի սառցե սիրտը հալվում, իսկ նրա այգին դարձյալ կանաչում է, երբ լսում է Փրկության  Ավետիսը: Նրա հետ միասին այդ ավետիսը լսեցին ոչ միայն Հանքավանի, այլև Երևանի ու Ստեփանավանի, հարակից գյուղերի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու, ինչպես նաև Արցախից այդ շրջաններում ապաստանած մանուկներն ու պատանիները: 10-ից ավելի ներկայացում, որի ընթացքում հնչում էր ավելի լավը դառնալու լավագույն ուղին՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը մեր սրտերում:

ԵՐԵՎԱՆ ՀԱԹ

«Եսասեր հսկան», միայն թե տեղի քրիստոնեական դաստիարակության բաժնի ծառայողների ուժերով, բեմականացրել էր նաև հարավ արևմտյան թաղամասում գործող ՀԱԵ-ն: Միջոցառմանը մասնակցող երեխաները նաև ձմեռվա խորհուդը հիշեցնող ձեռային աշխատանքներ են պատրաստել: 

ՎԱՆԱՁՈՐ

Վանաձորի ՀԱԵ-ում Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցվեց եկեղեցու քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցների ուժերով բեմադրված տիկնիկային ներկայացմամբ: Միջոցառման մասնակիցները Վանաձորի ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի սաները, «Շող» ցերեկային կենտրոնի երեխաները, Վանաձորում ժամանակավորապես բնակվող արցախցի մանուկները, պատերազմի մասնակիցների երեխաները, Ավետարանչական Ընկերակցության ծրագրերի շահառու երեխաներն ու նրանց ծնողներն էին:

ԴԻԼԻՋԱՆ

Դիլիջանի ՀԱԵ-ում Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետեցին կիրակնօրյա դպրոցի սաները՝ փոքրիկ ներկայացմամբ, որը զուգորդվում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան մասին պատմող մուլտֆիլմով։ Միջոցառման մասնակից երեխաներն ու նրանց ծնողները ունկնդրեցին նաև Ավետիսն ազդարարող երգեր՝ եկեղեցու երգչախմբի կատարմամբ։

ԳՅՈՒՄՐԻ

Գյումրու ՀԱԵ-ն այս տարի Սուրբ Ծննդյան ներկայացման փոխարեն համայնքի անդամներին ու երեխաներին տոնական պաշտամունքի էր հրավիրել: Եկեղեցու երգչախումբը փառաբանության, Սուրբ Ծննդյան երգեր ու մեներգեր կատարեց,  ասմունք հնչեց, հանդես եկավ նաև ՀԱԵ ԱՀԱԸ «Էսկադա» մանկապատանեկան պարային համույթը, իսկ Քրիստոսի Ծննդյան պատգամը փոխանցեց ՀԱԵ հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը:

ԱՅՆԹԱՊ

Այնթապի ՀԱԵ-ն ևս Սուրբ ծննդյան պատգամը հայտնեց թատերական ներկայացման միջոցով: «Որտե՞ղ է իմ նվերը» հարցը նաև այն ներկայացման վերնագիրն է, որը պատմում է մի աղքատ տղայի մասին,ով որոնումների մեջ է ու չի կարողանում հասկանալ թե ինչն իրեն կերջանկացնի,մշտապես դժգոհում է ու վեճ ստեղծում մայրիկի հետ խոսելիս: Նա չունի ուրախություն, բայց գտնում է այն Մանուկ Հիսուսի ծննդյան լուրի հետ միասին՝ եկեղեցում:

ԱԼԱՎԵՐԴԻ

Ալավերդում ևս ՀԱԵ ՔԴ բաժինը փոքրիկներին ներկայացավ «Որտե՞ղ է նվերս» բեմադրությամբ՝ միջոցառումը համեմելով Սուրբ Ծննդյան երգերով ու խաղերով:  

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

Նոյեմբերյանում ՀԱԵ մանուկներն ու պատանիները նախ լսեցին Սուրբ Ծննդյան պատգամը, այնուհետև դիտեցին մանուկների մասնակցությամբ բեմադրված «Հավիտենական լույսը» ներկայացումը, լսեցին Սուրբ Ծննդյան երգեր: Միջոցառմանը հրավիրված էին նաև Նոյեմբերյանում հյուրընկալված արցախցի երեխաներն ու զոհված զինծառայողների զավակները:

ԵՐԵՎԱՆ «ՀՈՒՅՍԻ ՏՈՒՆ»

Երևանի «Հույսի Տուն» ՀԱԵ-ում Սուրբ Ծննդյան ավետիսը երեխաներին փոխանցվեց «Գտնված լույսը» խորագրով մոնո֊ներկայացման միջոցով։ Ներկայացումն իր մեջ ընդգրկում էր դերասանական խաղ և տեսահոլովակ, որը պատմում էր Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին ավազե նկարչությամբ։

ԱՐՏԱՇԱՏ

Հայաստանում ապաստանած արցախցի մանուկները ներկա էին գրեթե բոլոր քաղաքներում կազմակերպված միջոցառումներին: Արտաշատում ևս: ՀԱԵ Սուրբ Ծննդյան միջոցառումն այստեղ բաղկացած էր թատերական ներկայացումից, փառաբանության երգերից, Սուրբ Ծննդյան պատգամից:

ՇԻՐԱԿԱՄՈՒՏ

Շիրակամուտի ՀԱԵ -ում միջոցառումն իրար շաղկապված բաժիններով՝ Սուրբ Ծննդյան պատմությամբ, տիկնիկային ներկայացմամբ, ասմունքներով և փառաբանության երգերով, այս տարի ևս ավետեց Սուրբ Ծննդյան բարի լուրը մանուկներին։ Միջոցառման նպատակն էր՝ Ավետիսը հասցնել յուրաքանչյուր մանուկի, պատմել Աստծո մեծ սիրո մասին, օգնել նրանց Աստծո լույսն ու ուրախությունը կրել իրենց մեջ և հատկապես երկրում ստեղծված իրավիճակում՝ Աստծո սիրով, հույսով ու հավատով պարուրելու նրանց փոքրիկ սրտերը։

ԲԵՐԴ

Բերդի ՀԱԵ-ն յուրահատուկ միջոցառում-ներկայացում էր կազմակերպել հենց եկեղեցու բակում: Ներկայացումը կոչվում էր «Ավազակը հանդիպեց Հիսուսին»: Սուրբ Ծննդյան խորհուրդը բեմադրության միջոցով տրվեց մանուկներին: Պատվելի Ս.Սարիբեկյանը բացման խոսքում խոսեց Հիսուսի ծննդյան կարևորության մասին:

ԱԲՈՎՅԱՆ

Աբովյանում ՀԱԵ երտասարդներն էին ավետում Սուրբ Ծնունդը՝ «Լավագույն նվերը» ներկայացմամբ: Գործող անձիք՝ անտառի կենդանիները, շտապում են մանուկ Հիսուսին իրենց նվերները տալ, արկածային ճամփորդությունից հետո հասկանում են, որ լավագույն նվերն իրենց փոխված սիրտն է:

ԱՐՄԱՎԻՐ

«Անսպասելի հյուրը», այսպես էր կոչվում այն փոքրիկ բեմականացումը, որով Արմավիրի ՀԱԵ-ն փորձեց երեխաներին հասցնել Սուրբ Ծննդյան պատգամն ու հիշեցնել, որ մենք պետք է գիտակցենք, որ ունենք Քրիստոսի կարիքը, պետք է ցանկանանք, որ Նա ամեն օր ծնվի մեր սրտերում: Հրաշքները իրականանում են այնտեղ՝ որտեղ նրանց սպասում են, ու նրանց համար՝ որոնց սիրտը բաց է։

ԳՈՐԻՍ

Գորիսում ՀԱԵ պատրաստած Սուրբ Ծննդյան ներկայացումը ևս դաստիարակչական բնույթ ուներ, այն ոչ միայն բարի լուրն էր ավետում, այլև սովորեցնում էր երեխաներին, որ բարի գործերը բավական չեն փրկության համար, անհրաժեշտ է կյանքը, սիրտը, միտքը, հոգին տալ Աստծուն:

ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թումանյանի Ավետարանական եկեղեցում Սուրբ Ծննդյան միջոցառումը սկսվեց աղոթքով, երեխաները մուլտֆիլմ դիտեցին, որը պատմում էր Հիսուսի ծնունդի մասին, և թեման ամփոփվեց հարցերի միջոցով: Այնուհետև, ամեն խմբի համար նախապես պատրաստած վիկտորինայի վերջում յուրաքանչյուր հերթափոխում ընտրվեց հաղթող  և ևս 2 ակտիվ մասնակից. նրանք ստացան փոքրիկ մրցանակներ: Միջոցառման մասնակից բոլոր երեխաները նաև գրեցին իրենց ամանորյա ցանկություններն ուկախեցին եկեղեցու բակի եղևնուց: Բոլորի գլխավոր ցանկությունը մեկն էր՝ ապրել խաղաղ հայրենիքում: 

ՍԻՍԻԱՆ

Սիսիանի ՀԱԵ ծառայողներն ու պատանիները Սուրբ Ծննդյան յուրահատուկ մթնոլորտն ու պատգամը մանուկներին ու պատանիներին փոխանցեցին փոքրիկ ներկայացման միջոցով: Ներկայացման հերոսները երեխաներին օգնեցին հասկանալ, որ Սուրբ Ծնունդ է այն ժամանակ, երբ հավատում ես Հիսուս Քրիստոսին, և հանձնում ես նրան քո խնդիրները, երբ հավատքով ու աղոթքով միաբանվում ես քեզ շրջապատող մարդկանց հետ, ուժ և զորություն ես ստանում դժվարություններն ու ցավը հաղթահարելու համար: Ներկայացման մասնակիցներն իրենց ձեռքում փոքրիկ իրեր ունեին, որոնք վերջում մեկտեղ հավաքվեցին և կազմեցին մանուկ Հիսուսի ծննդյան տեսարանտը:

ՍՊԻՏԱԿ

Սպիտակի ՀԱԵ ՔԴ ծառայողները մանուկների համար կիրակնօրյա պաշտամունք էին կազմակերպել, որի ընթացքում Սուրբ Ծննդյան երգերից բացի լսեցին նաև Փրկչի ծննդյան պատմությունը: 

ՎԱՐԴԵՆԻՍ

Վարդենիսի ՀԱԵ ՔԴ ծառայողները Սուրբ Ծննդյան գեղեցիկ միջոցառմամբ բարի լուրն ավետեցին ոչ միայն Վարդենիս քաղաքի այլև սահմանամերձ 20 գյուղերի մանուկներին: Մի քանի օր, օրական երբեմն մինչև 3 գյուղում են եղել, պատմել երեխաների Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան մասին, ու նվերներ հանձնել:  

ԿԱՊԱՆ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Կապանում, տեղացի ու Արցախցի երեխաների ու պատանիների համար յուրահատուկ միջոցառում էր կազմակերպել Կապանի մշակույթի փոքր դահլիճում: Բարի Լուրը մանուկները լսեցին Սուրբ Գրային պատմության, ինչպես նաև Վահան Մանուկյանի երգի ստուդիայի սաների կողմից կատարվող Սուրբ Ծննդյան երգերի միջոցով:

ԻՋԵՎԱՆ

Իջեվանի ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի ծառայողները, պատանիների ու մանուկների մասնակցությամբ, տոնական հանդես էին կազմակերպել, որի ընթացքում, գլխավոր առաքելությունը, ինչպես և մյուս տեղերում, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը փոխանցելն էր: 

Բոլոր միջոցառումների ավարտին երեխաները ստացան նվերներ: Նրանք ուրախ գրկել էին իրենց տեսանելի նվերները, բայց սրտում կրում էին անտեսանելին՝ լավագույն ու անփոխարինելի նվերը՝ Հիսուս Քրիստոսին։

Նախորդ
...
X