.
Արցախում վերսկսվել են ՀԱԵ ՔԴ ծառայությունները

Պատերազմյան ակտիվ գործողություններն ավարտվեցին մեկ ամիս առաջ, սակայն դրանից հետո մնացած ավերված պատերն ու սրտերը դեռ երկար ժամանակ կարիք կունենան կառուցման ու նորոգման։ ՀԱԵ հովիվների հերթական այցն Արցախ նաև այդ վերքերն ամոքելու նպատակով էր:

Դեկտեմբերի 2-ին Սիսիանի ՀԱԵ հովիվ պատվելի Արման Մարտիրոսյանը և Կապանի ՀԱԵ հովիվ Մհեր Շարբաթյանը ծառայություն ունեցան Արցախի Ստեփանակերտ և Ասկերան քաղաքներում։ Նախ հանդիպեցին Արցախի ՀԱԵ հոգաբարձուներին, քննարկեցին ընթացիկ ծառայություններում գրանցած հաջողություններն ու ՔԴ ծառայությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ պատասխանատվությունների, հանձնարարականների և աշխատանքի հստակ բաժանում կատարելով: Արդյունավետ հանդիպումն ավարտվեց Աստծո խոսքի կարճ խորհրդածությամբ ու աղոթքով։ Ընթացիկ ժողովներից զատ՝ հովիվներն այցելեցին Ստեփանակերտում բնակվող մեկ, Ասկերանում՝ երեք ընտանիքի՝ քաջալերելով հույսը չկորցնել ու հորդորելով Աստծմով նոր երազանքներ, նպատակներ կառուցել։

Շաբաթվա կտրվածքով վերսկսվեցին ՔԴ ծառայությունները։ Հանդիպումներ եղան երիտասարդաց, պատանյաց, մանկական, տիկնանց խմբերի հետ, իսկ կիրակի առավոտյան միասնական պաշտանմունք ունեցան։ Այս մասին խոսելիս` պատ. Արման Մարտիրոսյանը նշում է․ «Եկեղեցու քանդված պատերը, ջարդված պատուհաններից ներթափանցող ցուրտը, տեխնիկայի պակասությունն ու անսարքությունը չխաթարեցին Աստծո գործը։ Կարծես՝ կյանքը նորովի էր շարունակվում և ամեն մարդ իր լավագույն ծառայությունն ու մասնակցությունն էր բերում ծրագրերին: Ներկաներից շատերը խոստովանում էին՝ եկեղեցում հոգևոր միասնության ջերմությունը փոխանցվել էր մարդկանց սրտերին, ջերմացել էր անգամ եկեղեցասրահը»։

ՀԱԵ անդամներն ամենակարող Աստծո առաջնորդությամբ ու միջնորդությամբ շարունակում են իրենց լավագույնը անել՝ վստահ լինելով, որ Տերը կնորոգի քանդված պատերն ու կոտրված սրտերը։

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X