.
Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր երկրին

Ինչպես գիտենք, այսօր առավոտյան 7:10-ից Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նախահարձակ ռազմական գործողություններ իրականացնել մեր Հայրենիքի սահմանների ուղղությամբ: Թշնամին իր նենգ մտադրությամբ թիրախավորում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը՝ դարձյալ խախտելով մեր ստեծարար ու շինարար ժողովրդի անդորրը, խաղաղությունն ու անվտանգությունը:

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական մտադրություններն ու գործողությունները և վերահաստատում, որ խաղաղությունը այլընտրանք չունի:

Փառք Աստծուն խաղաղություն հաստատող և մեր ազգի ու պետության գոյության իրավունքը պահող Հայոց  բանակի համար: Փառք Աստծուն մեր զինված ուժերի ամեն զինվորի, սպայի և նրանց սրբազան, անձնազոհ ծառայության համար:

Իբրև քրիստոնյա, մենք գիտենք՝ ամեն ինչից առաջ Աստված է մեր ժողովրդի Տերը, պահապանը և ապավենը: Սաղմոսերգուն 27-րդ Սաղմոսի 3-րդ համարում ասում է․ «Եթե վրաս զորաբանակ էլ գա, սիրտս չի վախենա։ Եթե իմ դեմ պատերազմ էլ ծագի, սրանում ես վստահ կլինեմ»:  Աստված իր ժողովրդին երբեք չի թողել, և դա մենք տեսել ու զգացել ենք մեր պատմության ամբողջ ընթացքում:   

Եկե՛ք ազգովի աղոթք ու աղերսանք բարձրացնենք առ Աստված մեր ժողովրդի ապահովության, մեր երկրի ու սահմանների խաղաղության, անվտանգության ու կայունության, մեր բանակի համար։ Աղոթենք կորուստ ունեցող հայրենակիցների ընտանիքների մխիթարության համար: Աղոթք բարձրացնենք մեր միասնության, ոգու տոկունության և մեկ բռունցք լինելու համար:

Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր երկրին: