.
Առցանց ճամբար ՀԱԵ մանուկների համար

«Եթե գոնե 50 մանուկ հավաքվի, ապա անպայման կսկսենք, միայն թե, Տե՛ր, դու առաջնորդի՛ր»,- հենց այս աղոթքով սկսվեց մանկական օնլայն ճամբարը՝ ներքին խորը մտավախություն ունենալով, թե մանուկները չեն կարողանա օգտվել նորարարական տեխնոլոգիաներից, սակայն «քչի մեջ հավատարիմ եղողին շատը կտրվի» խոստմունքի Աստվածը, հավատարիմ գտնվեց իր Խոսքի մեջ և հավատարիմներին տվեց սպասվածից և պատկերացումներից ավելին։ 

Օրեցօր թիվը կրկնապատկեց, եռապատկեց ու քառապատկեց․․․ 50-ի փոխարեն 500 և ավելի մանուկ։ Ահա այսպիսին էր պատկերը, ահա այսպիսին է մեր Երկնային Հոր՝ սրտի մի աղոթքին ականջ դնելու ու պատասխանելու կարողությունը։
Եթե նախկինում մանկական ճամբարը սկսվում էր ամռան սկզբին, ապա արտակարգ 2020 թվականին այն արտակարգ սպասեցրեց, որ սպասվածից առավել սիրելի ու ցանկալի լինի։ Օգոստոսի 17 -ին մեկնարկը տրվեց․ երեք օրով վեց հերթափոխ, ընդ որում մեկ օրվա ընթացքում երեք տարբեր ժամերի երեք հերթափոխերի իրականացում։ 

Առավոտյան ժամը 10-ին, կեսօրին` 13:30-ին և 17-ին բարձրահարկ շենքի 9-րդ հարկից, սեփական տան այգուց և եկեղեցու բակից հարյուրավոր մանուկներ մուտք էին գործում ZOOM հարթակ՝ ճշմարիտ բանալու փնտրտուքներով։ Համակարգչային էկրաններին երևում էին մեծ սպասելիքներով լցված փոքրիկ փայլուն աչքեր, երբեմն էլ սուրճը ձեռքին մի անկյունում գաղտնի նստած տատիկների կամ մայրիկների հետևողական ու հիացած կերպարանքներ։

Ճամբարային երեք օրերի ընթացքում «Սառայի և Դանիելի» հետ ներկայացման ձևաչափով լսեցինք շարունակական պատմություն, «Մեգիի» հետ, յուրաքանչյուր օր հայտնվելով մի աշխարհում՝ փառաբանեցինք Աստծուն երազային հերոսների ուղեկցությամբ, բոլորով խաղացինք՝ թափթփելով տան պահարաններն ու դարակները, պատրաստեցինք ձեռային աշխատանքներ՝ արժանանալով մրցանակների, լսեցինք Աստվածաշնչյան պատմություններ և իհարկե, միասին «օնլայն սեղանի» շուրջ հավաքվեցինք, պարզապես արդեն Աշոտիկը չէր կարողանում ուտել մյուսների հասանելիքը, իսկ Անիին առաջնորդը չէր խնդրում գոնե հաց և պանիր ուտել։ Յուրաքանչյուր քայլ, միտք, գործողություն ուղղված էր բացահայտելու դռներ  բացող բանալին, որն էր՝ աղոթել հավատալով, կարդալ վստահելով, միաբան լինել սիրով։

«Մի՜ գնացեեեեք»,- օնլայն ուղիղ հեռարձակման ընթացքում բղավում էր մանուկը․ հենց այսպես ավարտվեց 2020 թվականի Մանկական օնլայն ճամբարը՝ երեխաների սրտում թողնելով կարոտ, մտքում՝ հիշողություններ, իսկ ձեռքերում՝ «ճշմարիտ բանալին»։

Թեհմինե Առաքելյան
Մանկական առցանց ճամբարի ծրագրային թիմի անդամ

2020-ի ՀԱԵ մանկական առցանց ճամբար  հոգևոր հիմն ու պարը՝  https://www.youtube.com/

 

Նախորդ
...
X