Ղևտական 19. 1-2, 33-37 Երկուշաբթի | Նոյեմբեր 30
Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես․․․Ղևտ․ 19․34
ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ԱՆՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական Շամբոն-սյուր-Լինյոն փոքրիկ գյուղը հույսի փարոս դարձավ։ Հովիվ Անդրե Տրոկմեի և նրա կնոջ՝ Մագդայի շնորհիվ գյուղի բնակիչները միավորվեցին՝ փրկելու մի քանի հազար հրեա փախստականների։ Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք փախստականներին ապահովում էին սննդով, ապաստանով և կեղծ փաստաթղթերով։ Հովիվ Տրոկմեն ասում էր. «Մենք չգիտենք, թե ովքեր են հրեաները։ Մենք միայն գիտենք, որ նրանք մարդիկ են»։ Նրա խոսքերը հակասում էին նացիստների այն գաղափարախոսությանը, ըստ որի՝ մարդիկ բաժանվում էին «բարձր» և «ցածր» ռասաների։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր մարդ նախևառաջ մարդ է, հետևաբար արժանի է հոգատարության և պաշտպանության։
Հովիվ Տրոկմեի խոսքերն արտահայտում են Ղևտական գրքում արձանագրված Աստծո պատվիրանի էությունը՝ պանդուխտների հետ վարվել այնպես, ինչպես հայրենակիցների (Ղևտ. 19․34)։ Շատերը գայթակղվում են այլ ազգերի ներկայացուցիչներին օտար և վտանգավոր համարել։ Իսկ Աստված իսրայելացիներին կարեկցանքի էր կոչում՝ հիշեցնելով, թե իրենք ինչ են ապրել, երբ «օտարական» էին Եգիպտոսի երկրում (հ․ 34)։
Որքան ավելի շատ ենք կենտրոնանում մարդկանց միջև եղած տարբերությունների վրա, այնքան ավելի քիչ ենք նկատում նրանց ցավը։ Բայց եթե հետևենք Աստծո կոչին՝ սիրել ընկերոջը մեր անձի պես (Մարկ. 12․31), Նա մեզ ուժ և քաջություն կտա պաշտպանելու անպաշտպաններին, նույնիսկ եթե դրա գինը բարձր լինի։
Ի՞նչն է երբեմն խանգարում մեզ ուրիշների մեջ տեսնել մեր նման մարդուն։
Ինչպե՞ս կարող ենք մենք և մեր եկեղեցին սեր ու հոգատարություն ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր այսօր դժվարությունների միջով են անցնում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ հոգ տանել ուրիշների մասին այնպես, ինչպես սովորեցնում է Քո Խոսքը՝ նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեմ մեծ զոհողությունների գնալ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 37-39, Բ Պետրոս 2