Առակներ 4. 20-27 Կիրակի | Նոյեմբեր 29
Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Առ․ 4․23
ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՁԵՐ ՍԻՐՏԸ
Ամերիկյան մի եկեղեցուց ավելի քան երկու հարյուր հիսուն մարդ միսիոներական ուղևորության մեկնեց Հարավային Աֆրիկա։ Երբ այդքան շատ մարդիկ են միասին լինում, կարգուկանոն պահպանելը երբեմն դժվար է։ Մի անգամ, երբ բոլորը հոգնած էին, նրանցից ոմանք սկսեցին դժգոհել։ Այդ ժամանակ խմբի ղեկավարներից մեկն ասաց. «Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ՝ պահպանե՛ք ձեր սրտերը»։ Հավատացյալներն անմիջապես հասկացան, թե ինչ նկատի ուներ նա, և արագ հանդարտվեցին։
Այս խոսքերը հղում էին Առակաց գրքին, որտեղ Սողոմոն թագավորը որդուն էր փոխանցում իր իմաստությունը։ Նա հորդորում էր երիտասարդին պահպանել իր սիրտը և թույլ չտալ, որ այնտեղ ներթափանցի որևէ բան, որը կարող է վնասել իրեն։ «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը»,- գրում էր նա (Առ. 423)։
Առակաց գրքում շատ է խոսվում այն մասին, թե ինչպես ապրել խաղաղության և ուրախության մեջ։ Դրա համար նախ և առաջ պետք է մեր հայացքը հառենք Աստծուն և մեր բոլոր ճանապարհներում «ճանաչենք Նրան» (Առ. 3․6)։ Բացի այդ, եթե պահպանենք մեր սիրտը, ուշադիր կլինենք մեր խոսքերի և մտքերի հանդեպ։ Երբ գայթակղություն առաջանա դժգոհելու, բամբասելու կամ Աստծուց բացի մեկ ուրիշ բանի մեջ հենարան փնտրելու, մենք կհրաժարվենք նենգավոր շրթունքներից և մեր հայացքը կուղղենք ուղիղ առաջ (Առ. 4․24-25)։ Ապավինե՛նք Տիրոջը և զգուշությա՛մբ վերաբերվենք այն ամենին, ինչ ներթափանցում է մեր սիրտը, որովհետև մեր բոլոր գործերը բխում են հենց սրտից (հ․ 23)։
Ի՞նչ է մեզ համար նշանակում պահպանել մեր սիրտը։ Ինչպե՞ս հավատարիմ մնալ Աստծո ճանապարհին՝ չնայած այն ամենին, ինչը շեղում է մեզ այդ ճանապարհից։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ Քո Խոսքի իմաստության համար։ Օգնի՛ր պահպանել սիրտս և հայացքս միշտ Քեզ հառած պահել։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 35-36, Բ Պետրոս 1