Մատթեոս 13. 1-9 Շաբաթ | Նոյեմբեր 28
Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին․․․ Մատթ․ 13․8
ԽՈՍՔԻ ՍԵՐՄԵՐԸ
Չարլզ Սմեդլին ատում էր քրիստոնյաներին։ Նա կատաղում էր, երբ նրանք թակում էին իր դուռը՝ իրենց հավատքի մասին պատմելու համար։ Մի անգամ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռութ Թալլին նրա ընտանիքին հրավիրեց եկեղեցի։ «Ես եկեղեցի գնալու հագուստ չունեմ»,- հեգնանքով պատասխանեց նա։ «Իսկ եթե ձեզ համար կոստյում գտնվի, կգնա՞ք»,- հարցրեց Ռութը։ «Իհարկե՛»,- մարտահրավերն ընդունեց Սմեդլին։ «Այդ դեպքում,- ասաց Ռութը,- կխնդրեմ Տիրոջը, որ ձեզ կոստյում ուղարկի»։ Սմեդլին բարձրաձայն ծիծաղեց։
Սակայն հաջորդ օրը նա անսպասելիորեն անծանոթ մեկից դրամական փոխանցում ստացավ։ Կինը հիշեցրեց նրան նախորդ օրվա խոստման մասին։ Սմեդլին այլևս ոչինչ չէր մնում անելու, քան կոստյում գնելը։
Սերմնացանի առակում Քրիստոսն Ավետարանը համեմատեց սերմի հետ։ Անբարյացակամ աթեիստի հետ զրուցելիս՝ Ռութ Թալլիին կարող էր թվալ, թե իր ցանած «սերմերն» ընկնում են կարծր հողի վրա։ Բայց նա վստահեց Աստծուն, ով կարող էր օգտագործել իր վկայությունը և պատասխանել իր աղոթքին։
Չարլզ Սմեդլին պահեց իր խոստումը։ Հաջորդ կիրակի նա նոր կոստյումով գնաց եկեղեցի։ Այնտեղ նա ընդունեց Քրիստոսին, և շուտով, Աստծո Խոսքի ներգործությամբ, նրա ամբողջ ընտանիքը փոխվեց։ Նրա դուստրը՝ Մարթի Հեֆլին, հետագայում դարձավ հայտնի քրիստոնյա գրող։
Մենք չենք կարող իմանալ, թե մեր վկայության սերմերն ինչ հողի վրա կընկնեն։ Ուստի եկե՛ք դրանք ցանենք ամենուր։ Աստծո շնորհով երբեմն այդ սերմերը մի ամբողջ այգու են վերածվում։
Ո՞վ է մեր շրջապատում այն մարդը, ում սիրտը դեռ փակ է Ավետարանի առաջ։ Ինչպե՞ս կարող ենք նրա սրտում հավատի սերմեր ցանել։
Աղոթք – Տե՛ր Աստված, քաջություն տուր ինձ վկայելու Քո կարիքն ունեցող մարդկանց և իմ շուրթերին դիր այն անհրաժեշտ խոսքերը՝ հավատի սերմերը, որոնք պետք է ցանեմ նրանց սրտերում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 33-34, Ա Պետրոս 5