Սաղմոսներ 104. 24-34 Ուրբաթ | Նոյեմբեր 27
Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։ Սաղմ․104․24
ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԱՐԻՉ
Ալիտան ասեղը խրեց սպիտակ կտորի քառակուսու մեջ և դրա միջով անցկացրեց կապույտ թելը։ Երեք օր շարունակ նրա ձեռքերը հավասարաչափ ու հանգիստ շարժվում էին՝ ստեղծելով փոքրիկ, վառ գույնի կարեր և ձգելով դրանք։ Սկզբում կտորի վրա հայտնվեց կապույտ սիրամարգը՝ զմրուխտագույն թևերով, ապա նրա երկու կողմերում՝ երեքական վարդագույն ծաղիկներ՝ շրջապատված կանաչ տերևներով։ Արդյունքում ստացվեց մի հիասքանչ անձեռոցիկ՝ նվեր ինձ համար՝ ի հիշատակ մայրիկիս։ Դրանից հետո Ալիտան մեկ ուրիշը՝ ճիշտ նույնպիսի, ասեղնագործեց նաև քրոջս համար։
Շատերը հիանում են ձեռքի աշխատանքի այսպիսի վարպետորեն ստեղծված գործերով։ Սակայն կարևոր է հիշել, որ ստեղծագործելու կարողությունը մեզ Աստված է պարգևել, և Ինքն է մեզ ստեղծել անգերազանցելի իմաստությամբ։
Սաղմոսերգուն փառաբանում է Աստծո արարչագործ զորությունը. «Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել․․․»,- բացականչում է նա (Սաղմ. 104.24)։ Նրա ստեղծած աշխարհում ապրում են «անթիվ լողացողներ՝ փոքր կենդանիները մեծերի հետ» (հ․ 25)։ Նա ստեղծել է նույնիսկ լևիաթանին (հ․ 26)՝ խորհրդավոր մի հրեշի, որին կարող ենք պատկերացնել միայն երկյուղածությամբ։ Ավելին՝ Աստծո ստեղծած բոլոր արարածները կախված են Նրանից, և Նա հոգ է տանում նրանց մասին (հ․ 27-30)։
Երբ խորհում ենք այս ամենի շուրջ, մնում է միայն զարմանալ Նրա իմաստության, արարչագործ զորության և հոգատարության խորությամբ։ Մեր զարմանահրաշ Արարիչն իսկապես արժանի է երկրպագության և գովասանքի (հ․33)։
Ինչպե՞ս է Աստված Իր ստեղծագործության արվեստի ու գեղեցկության միջոցով մեր մեջ արթնացրել Իրեն փառաբանելու ցանկությունը։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ, որ Դու ստեղծել ես այս աշխարհը և կատարյալ իմաստությամբ հոգ ես տանում Քո ստեղծած ամեն բանի մասին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 30-32, Ա Պետրոս 4