.
2026թ., Նոյեմբերի 26

Տիտոսին 3. 3-8                                                                                Հինգշաբթի   |   Նոյեմբեր 26

 

Նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ։ Տիտ․ 3․5

 

ՇՆՈՐՀՔ՝ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

 

Մարկի Աստվածաշնչյան քոլեջի համակուրսեցիները հրավիրեցին նրան ընթրիքի։ Նա ընդունեց հրավերը, թեև կյանքի դժվարին շրջանն էր ապրում, տառապում էր ընկճախտով և նույնիսկ ինքնասպանության մասին էր մտածում։ Երբ Մարկը հասավ ընկերների տուն և տեսավ ճոխ ուտեստներով լի սեղանները, հիացավ, թե որքան ստեղծագործաբար էին նրանք պատրաստել այդ ամենը։ Տապակները, աղցաններն ու մրգային տեսականին նրա համար հույսի նշաններ դարձան։ Այդ ամենը պատրաստած մարդկանց ջանքերի ու սիրո շնորհիվ նա հասկացավ, որ աշխարհն այնքան էլ մռայլ չէ, որքան իրեն էր թվում։ Ավելի ուշ Մարկն ասաց. «Երբ տուն վերադարձա, ամեն ինչ հիմնովին փոխվել էր։ Պարզ ասած՝ նրանք փրկեցին ինձ»։

Այն, թե ինչպես է Աստված Իր շնորհով փրկում մեզ, մի խորախորհուրդ իրողություն է, որը յուրաքանչյուրի կյանքում յուրովի է դրսևորվում։ Ինչպես Պողոս առաքյալը գրում է Տիտոսին, Աստված «ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ… որպեսզի նրա շնորհով արդարացած՝ ժառանգներ լինենք՝ հավիտենական կյանքի հույսով» (Տիտ․ 3․5,7)։

Այդ օրն աստվածաշնչյան քոլեջի ուսանողները Մարկի համար Աստծո շնորհի գործիքները դարձան։ Մենք հազվադեպ կարող ենք կանխատեսել, թե ինչպես Աստված կգործի մեր միջոցով՝ ուրիշներին օգնելու համար։ Ուստի եկե՛ք միշտ և ամենուր բարիք գործենք՝ լինի դա ընթրիքի հրավեր, քաջալերական նամակ, ինչպես Պողոսի դեպքում էր, թե պարզապես աղոթք։ Աստված մեր միջոցով Իր սերը դրսևորում է ամենատարբեր ձևերով։

 

Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել Աստծո սերն ուրիշներին փոխանցելու համար։

 

Աղոթք – Ամենայն շնորհի՛ Աստված, օգնի՛ր Քո բարության ու սիրո պարգևները բաժնեկցել ինձ շրջապատող բոլոր մարդկանց հետ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 27-29, Ա Պետրոս 3