Երեմիա 2. 31-37 Երկուշաբթի | Նոյեմբեր 23
…բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։
Եր․ 2․11
ԱՆՍԱՐՔ ԶՏԻՉՆԵՐ
Առավոտյան արթնանալով՝ Շերիլը սարսափով հայտնաբերեց, որ իր խոհանոցն ամբողջությամբ ջրի մեջ է։ Ջուրը լցվել էր ամենուր՝ լվացարանի, պահարանների և նույնիսկ սառնարանի վրա։ Առանց ժամանակ կորցնելու՝ նա կանչեց սանտեխնիկին, որն արագ գտավ խնդրի պատճառը. պարզվեց լվացարանի տակ տեղադրված էր անսարք զտիչ. այն ուներ կառուցվածքային թերություն։ Օրվա մնացած մասը Շերիլն անցկացրեց՝ մաքրելով ջուրը և կարգի բերելով ամբողջությամբ թրջված խոհանոցը։ Քանի որ ապագան կատարյալ ճշգրտությամբ իմանալ չենք կարող, ստիպված ենք վստահել այն մարդկանց և ընկերություններին, որոնցից ապրանքներ ենք գնում։ Սակայն երբեմն այդ վստահությունն արդարացված չի։
Նույնը պատահեց նաև հին Հուդայի հետ, երբ նա որոշեց ռազմական դաշինք կնքել Եգիպտոսի հետ։ Սակայն, ի տարբերություն Շերիլի, որի խոհանոցում տեղի ունեցած աղետը լիովին անսպասելի էր, Աստծո ժողովուրդը հստակ նախազգուշացում էր ստացել, որ Եգիպտոսին ապավինելը հիասթափության կհանգեցնի. «Նրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»» (Եր. 2․37)։
Այնուամենայնիվ, չնայած Աստծո նախազգուշացումներին՝ Հուդան դաշինք կնքեց Եգիպտոսի հետ և արդյունքում թշնամիների ավարը դարձավ։ Նրա նման մենք նույնպես կարող ենք մեծ հույսեր կապել կոտրած ջրամբարների հետ, «որոնք չեն կարող ջուրը պահել» (հ․ 13)՝ մոռանալով, որ մեր միակ հավատարիմ ապավենը Տերն է։ Նա հրավիրում է մեզ ապավինելու Իրեն՝ կենդանի ջրի աղբյուրին։ Նա երբեք չի հիասթափեցնի մեզ։
Պատահե՞լ է, որ չափազանց շատ ապավինենք որևէ մեկին կամ որևէ բանի։ Ինչպե՞ս այդ ամենից հետո սովորեցինք վստահել Աստծուն։
Աղոթք – Հա՛յր, իմաստություն տուր ինձ որոշումներ կայացնելիս և օգնի՛ր ամբողջ սրտով ապավինել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 20-21, Հակոբոս 5