Մատթեոս 16. 24-27 Կիրակի | Նոյեմբեր 22
Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։ Մատթ․ 26․53
ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՁԳՏՈՒՄ
Հեռախոսը նրա ձեռքից սահեց և կախվեց ժայռի քարե ելուստից։ Նա ձեռքը մեկնեց փորձեց վերցնել՝ հենվելով հսկայական քարի եզրին։ Մի փոքր էլ… և հանկարծ նա սայթաքեց, կորցրեց հավասարակշռությունն ու գլխիվայր գլորվեց ցած՝ հեռախոսի կողքով։ Երբ բացեց աչքերը, հասկացավ, որ գլխիվայր կախված է քարքարոտ նեղ ճեղքում, իսկ ոտքերը սեղմված են հսկայական ժայռաբեկորների արանքում։ Զարմացած փրկարարներն ասացին, որ «երբեք նման բանի չէին հանդիպել»։ Երկար ու տանջալից յոթ ժամ անց նրանք վերջապես ապշած, բայց երջանիկ կնոջը դուրս բերեցին և ապահով վայր հասցրին՝ առանց հեռախոսի։ Նա, առանց երկար մտածելու, փորձել էր վերցնել այն, ինչ կարող էր կյանք արժենալ իր համար։
Հիսուսի աշակերտներից մեկն էլ նման կերպ վտանգեց իր կյանքը։ Երբ զինված ամբոխը եկավ Գեթսեմանիի պարտեզ, Պետրոսը «ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց» (Մատթ. 26․51)։ Այդ արարքը կարող էր հերոսական թվալ, բայց, ինչպես հեռախոսի հետևից ձեռքը մեկնած կնոջ դեպքում, այն կարող էր ողբերգական ավարտ ունենալ (հ․ 52)։
Սակայն Հիսուսը միջամտեց։ Նա հորդորեց Իր բուռն ու եռանդուն աշակերտին ապավինել Աստծուն։ «Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի» (հ․ 53),- հարցրեց Նա։ Այնուհետև վստահեցրեց, որ «այսպես պետք է լինի» (հ․ 54)։
Իսկ մենք ինչի՞ն ենք ձգտում։ Մեր բնազդային մղումները, որոնք մեզ ճիշտ են թվում, միշտ չէ, որ համընկնում են Աստծո նպատակների հետ։ Բայց մենք միշտ կարող ենք դիմել Տիրոջը, ապավինել Նրա զորությանն ու ծրագրերին։ Եթե լսենք Նրան և ընթանանք Նրա ճանապարհներով, ապահովության մեջ կլինենք։
Ինչի՞ մասին ենք երազում կամ ինչի՞ ենք ձգտում։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսին հետևելը դարձնել մեր կյանքի գլխավոր նպատակը։
Աղոթք – Տե՛ր, ների՛ր, որ բնազդաբար ձգտում եմ այն ամենին, ինչն օգուտ չի բերի ինձ։ Օգնի՛ր ինձ այսօր և միշտ ձգտել դեպի Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 18-19, Հակոբոս 4