.
2026թ., Նոյեմբերի 21

Դատավորներ 3. 12, 15-16, 18-21,26-27, 30                                        Շաբաթ   |   Նոյեմբեր 21

 

Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ․․․Դատ․3․15  

 

ԱՍՏԾՈ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Օուենն ապրում էր Փոլի հարևանությամբ և նրանք նույն եկեղեցին էին հաճախում, սակայն Օուենը նրա մասին վատ լուրեր էր տարածում։ Իրեն անօգնական զգալով՝ Փոլն աղոթեց. «Տե՛ր, այս իրավիճակը Քեզ եմ հանձնում։ Օգնի՛ր Օուենին հասկանալու, որ նա սխալ է»։ Խեղճ Փոլը հույս ուներ, որ Աստված կհուշի հովվին զրուցել Օուենի հետ կամ Իր Խոսքի միջոցով կհանդիմանի նրան։ Սակայն Աստված այս իրավիճակում շատ ավելի անսպասելի միջոց օգտագործեց։ Կեսգիշերին դռան թակոց լսվեց։ «Փո՛լ, օգնիր ինձ,- շունչը կտրվելով ասաց Օուենը,- ես ամեն բան արել եմ, բայց ջուրը դեռ հոսում է խողովակներից»։ Փոլը, ով մասնագիտությամբ սանտեխնիկ էր, երկար ժամանակ աշխատեց ջրով լցված լոգարանում և ի վերջո կարողացավ վերացնել վթարը։ Օուենի անկեղծ ներողությունը չուշացավ։

Աստված երբեմն Իր օգնությունն ուղարկում է զարմանալիորեն ստեղծագործ և անսպասելի ձևերով։ Դատավորաց գրքում պատմվում է, որ երբ իսրայելացիները տասնութ տարի մնացին մովաբացիների թագավոր Էգղոնի ճնշման տակ, աղաղակեցին Աստծուն: «Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկչի․․․Ավոդին, որը ձախլիկ էր » (Դատ. 3․14-15)։ Ավոդը սուրը կապեց աջ ազդրի վրա՝ այն կողմում, որտեղ սովորաբար չէին խուզարկում ձախլիկներին։ Այդպիսով նա կարողացավ սուրը ներս տանել՝ Էգղոնի մոտ ընդունելության ժամանակ, և սպանեց նրան ոչ թե ռազմի դաշտում, այլ հենց նրա պալատում (հ․ 19-21)։

Դրանից հետո, Ավոդի առաջնորդությամբ, Իսրայելն ութսուն տարի խաղաղությամբ ապրեց (հ․ 30), սա դատավորների ժամանակաշրջանի ամենաերկար խաղաղության շրջանն էր։ Ավոդի պատմությունը հիշեցնում է, որ Աստված Իր իմաստությամբ և ամենակարողությամբ գործում է այնպես, որ անհամեմատ գերազանցում է մեր պատկերացումներն ու սպասումները։ Նա ստեղծագործ Աստված է։

 

Երբևէ եղե՞լ է, որ Աստված մեզ անսպասելի ձևով օգնություն ցույց տա։ Ինչպե՞ս է այդ փորձառությունն ազդել մեզ վրա։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ այն օգնության համար, որ Դու ուղարկում ես ամենատարբեր ձևերով։ Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 16-17, Հակոբոս 3