Սաղմոսներ 111. 1-10 Երեքշաբթի | Նոյեմբեր 17
․․․ողորմած և գթած է Տերը։ Կերակուր տվեց իրենից վախեցողներին․․․ Սաղմ․ 111․4-5
ՀՈԳԱՏԱՐ ԱՍՏՎԱԾ
Մենդին ծանր սրտով անջատեց հեռախոսը։ Մայրը հենց նոր հայտնել էր, որ հայրը կարող է կորցնել աշխատանքը, և այդ դեպքում ընտանիքը ստիպված կլինի ապավինել իր օգնությանը։ Մենդին զգաց, որ իր ուսերին անտանելի պատասխանատվություն է ծանրացել։ Նրա վաստակը կախված էր վաճառքից ստացվող միջնորդավճարներից, իսկ ավելի կայուն եկամուտ ունեցող աշխատանք գտնելու մի քանի ամիս տևած ջանքերն ապարդյուն էին։
Հետագայում նա հիշում է. «Ես իմ կարիքը հանձնեցի Տիրոջը և շարունակեցի ապրել՝ վստահելով Նրան։ Մտքովս անգամ չէր անցնում, որ ընկերուհուս հետ սովորական ճաշը կարող է աշխատանքի առաջարկով ավարտվել։ Աստված հոգաց իմ կարիքները։ Ես աշխատանքի հրաշալի հրավեր ստացա»։
Տերը միշտ չէ, որ պատասխանում է այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Սակայն մխիթարվենք այն գիտակցությամբ, որ մեր հոգատար Երկնային Հայրը գիտի մեր բոլոր կարիքները։ 111-րդ սաղմոսի հեղինակը հիշեցնում է, որ Աստված «ողորմած և գթած է» (հ․ 4)։ Նա սիրում է բարություն դրսևորել և խոր կարեկցանք է տածում մեր հանդեպ։ Նրա ողորմածությունն ու գթասրտությունը մղում են Նրան գործելու, և մենք շարունակաբար զգում ենք Նրա հոգատարությունը մեր կյանքում (հ. 5)։
Ծանրացա՞ծ է այսօր ձեր սիրտը։ Անհանգստանո՞ւմ եք ստեղծված իրավիճակի պատճառով։ Հիշե՛ք՝ դուք Տիեզերքի Արարչի հոգատարության ներքո եք, և Նա անձամբ հոգ է տանում ձեր մասին։ Նրա համար կարևոր են թե՛ ձեր հոգևոր, թե՛ նյութական կարիքները։ Ապավինե՛ք ձեր Երկնային Հոր հայրական հոգատարությանը։ Նա այսօր, վաղը և միշտ հավատարիմ կլինի ձեր հանդեպ։
Ինչպե՞ս ենք զգացել Աստծո հոգատարությունը մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր վստահությունը Նրա հանդեպ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ հավատալ, որ Դու գիտես իմ բոլոր կարիքները, հոգ ես տանում իմ մասին և ժամանակին տալիս ես այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 5-7, Եբրայեցիներին 12