Սաղմոսներ 8․1-9 Ուրբաթ | Նոյեմբեր 13
Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։ Սաղմ․ 8․1
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՎԵՐ
Ավելի քան տասը տարի է՝ քրոնիկ հիվանդության պատճառով ստիպված եմ գրեթե ամբողջ ժամանակն անցկացնել տանը։ Դա նշանակում է, որ երկար ժամեր եմ անցկացրել անկողնում՝ հայացքս հառած պատերին և սպասելով, որ վիճակս մի փոքր բարելավվի։ Մի անգամ, երբ հատկապես դժվար օրեր էի ապրում, որոշեցի ամեն օր տասնհինգ րոպե հատկացնել պարզապես սպասելուն՝ առանց որևէ այլ բանի վրա ուշադրությունս շեղելու։ Հայացքս ուղղում էի դեպի երկինք՝ միակ տեսարանը, որը բացվում էր իմ անկողնուց։ Եվ այդ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չտեսա նույն պատկերը։ Մայրամուտները բոցավառ գույների իսկական տոն էին։ Նույնիսկ ամպամած օրերին մոխրագույնի երանգներն անընդհատ փոխվում էին՝ կարծես հուշելով, որ երկնքում շարժում ու անտեսանելի դրամա է ծավալվում։ Ես իսկապես տարվեցի երկնքի գեղեցկությամբ՝ ամեն օր նորովի բացահայտելով նրա հրաշքները։
Դավիթն էլ էր նման զգացումներ ունենում, երբ հայացքն ուղղում էր դեպի երկինք։ «Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը․․․ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան», - գրում էր նա (Սաղմ. 8․3-4)։ Սակայն Աստծո մեծության շուրջ խորհրդածելիս Դավիթը նաև գիտակցում էր, թե ինչ մեծ պատվի է արժանացրել Աստված մարդուն. «Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա․․․» (հ. 7)։
Ես ամեն օր ապրում եմ այս պարադոքսի մեջ՝ ես զգում եմ իմ աննշանությունը և միաժամանակ գիտեմ, որ Աստծուց ինձ տրված առաքելություն ունեմ, նույնիսկ երբ անկողնուն գամված եմ, նույնիսկ ֆիզիկական թուլության մեջ։ Ամեն օր երկինքը մեզ պատմում է Աստծո փառքի, գթասրտության և հոգատարության մասին։
Որքա՞ն հաճախ ենք հայացքն ուղղում դեպի երկինք։ Աստծո արարչագործության շուրջ խորհելիս Նրա բնավորության ի՞նչ հատկանիշներ են բացահայտվում մեր առջև։
Աղոթք – Երկնքի՛ Արարիչ, գեղեցկության Ստեղծո՛ղ, շնորհակալ եմ Քո հոգատարության և գթասրտության համար։ Այսօր էլ խոսի՛ր ինձ հետ Քո փառքի և իմ կյանքի առաքելության մասին, օգնի՛ր ինձ ճանաչելու այն նպատակը, որ Դու ունես ինձ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիայի Ողբերը 1-2, Եբրայեցիներին 10. 1-18