.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ընտրեց Հոգևոր Խորհրդի նոր կազմը

Նոյեմբերի 10-ին, Հանքավանի «Շողիկ» ճամբարում կայացած Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) համաժողովի ընթացքում ընտրվեց Հոգևոր խորհրդի նոր կազմը, որը կղեկավարի եկեղեցին առաջիկա երկու տարիներին։

Համաժողովին մասնակցում էին ՀԱԵ 21 տեղական եկեղեցիների պատվիրակները․ անակնկալ ձյան պատճառով բացակայում էր միայն Բերդի ՀԱԵ պատվիրակությունը։ Ընտրության իրավունք ունեցող ներկա 79 պատվիրակների քվեարկությամբ ձևավորվեց 11 անդամից բաղկացած Հոգևոր Խորհուրդը։

ՀԱԵ կանոնադրության համաձայն՝ Հոգևոր Խորհուրդն ընտրվում է երկու տարի ժամկետով։ Խորհրդի անդամները կարող են վերընտրվել ևս մեկ անգամ՝ երկամյա ժամկետով, որից հետո պարտավոր են երկու տարվա ընդմիջում կատարել։

Այս տարվա ընտրություններին առաջադրված էին 8 ձեռնադրյալ հովիվ, 6 արտոնյալ քարոզիչ և 5 աշխարհական թեկնածու, որոնցից ընտրվեցին համապատասխանաբար 5, 3 և 3 անդամներ։

Ընտրություններն այս անգամ առանձնացան նաև տեխնոլոգիական նորարարությամբ։ ՀԱԵ պատմության մեջ առաջին անգամ պատվիրակները քվեարկեցին էլեկտրոնային եղանակով՝ իրենց բջջային հեռախոսների միջոցով, օգտագործելով Mentimeter առցանց հարթակը։ Սա հնարավորություն տվեց արագ կազմակերպել քվեարկությունը և արդյունքներն անմիջապես ցուցադրել էկրանին։

Ընտրությունների արդյունքում Հոգևոր Խորհրդի 11 անդամից 6-ը փոխվեց։ Նախորդ կազմի նախագահ վեր. Վարդան Ափինյանը, վեր․ Հրանտ Բադալյանն ու պատ․ Արմո Արզումանյանը, ավարտելով իրենց պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետները, այս անգամ ընդգրկված չէին թեկնածուների ցուցակում։

Ձեռնադրյալ հովիվներից Հոգևոր Խորհրդի կազմում վերընտրվեցին վեր. Գևորգ Գասպարյանը, վեր. Գագիկ Հովհաննիսյանը և վեր. Արամ Բաբաջանյանը, ընտրվեցին վեր. Ալբերտ Փայտյանն ու վեր. Արթուր Օչինյանը։

Արտոնյալ քարոզիչներից վերընտրվեց պատ. Խաչիկ Նազարյանը, իսկ առաջին անգամ Հոգևոր Խորհրդի կազմում ընդգրկվեցին պատ. Արմեն Միսակյանն ու պատ. Արկադի Հանիսյանը։

Աշխարհական անդամներից վերընտրվեց Վարդան Միքայելյանը, իսկ նոր անդամներ ընտրվեցին Անի Հաջինյանն ու Զոհրաբ Բեկյանը։

Ընտրություններից հետո նորընտիր Հոգևոր Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորեց նաև իր դիվանը։

Հոգևոր Խորհրդի նախագահ ընտրվեց վեր. Գևորգ Գասպարյանը, փոխնախագահ՝ վեր. Արամ Բաբաջանյանը, գանձապահ՝ վեր. Արթուր Օչինյանը։ Ատենադպիրի ծառայությունը կշարունակի պատ. Խաչիկ Նազարյանը։

Նորընտիր Հոգևոր Խորհուրդն այս կազմով կշարունակի իր ծառայությունը 2026-2028 թվականներին՝ իրականացնելով Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդման, գործունեության համակարգման և հոգևոր կյանքի զարգացմանն ուղղված իր առաքելությունը։

Նախորդ
...
X