.
ՀԱԵ տարեկան համաժողովը․ Ավետարանի ու 180-ամյա ժառանգության ջահը փոխանցելով

Նոյեմբերի 10-11-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում անցկացվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) 2026 թվականի տարեկան համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 100 պատվիրակ և պատվո հյուր, այդ թվում՝ երեցկանայք։ Համաժողովին ներկայացված էին ՀԱԵ 22 տեղական եկեղեցիներից 21-ը․ ձյան պատճառով Բերդի եկեղեցու պատվիրակները չկարողացան մասնակցել։

ՀԱԵ համաժողովն առիթ էր ամփոփելու տարվա ծառայություններն ու ձեռքբերումները, քննարկելու առաջիկա ծրագրերը և նախանշելու եկեղեցու զարգացման առաջնահերթությունները՝ շեշտադրելով ջահը փոխանցելու կարևորությունը։  

Համաժողովը մեկնարկեց պաշտամունքով, որի ընթացքում ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը խոսեց «Աստծո սրբության» մասին։ Հիմնվելով Եսայի 6․1-8 հատվածի վրա՝ վերապատվելին ընդգծեց, որ առողջ և զորավոր եկեղեցու հիմքը Սուրբ Աստծուն ճշմարտապես ճանաչելն է։ Նա հորդորեց Աստծուն պատկանելու գիտակցությունն արտահայտել ոչ միայն պաշտամունքի, այլև առօրյա կյանքի ու ծառայության մեջ։

Համաժողովի պաշտամունքների փառաբանության բաժինն առաջնորդում էր ՀԱԵ Ստեփանավանի եկեղեցու երգչախումբը՝ ՀԱԹ եկեղեցու ծառայողներ Անի Հաջինյանի առաջնորդությամբ և թավջութակահար Աշոտ Ղարիբյանի մասնակցությամբ։

Աշխատանքային նիստերի ընթացքում ներկայացվեցին ՀԱԵ Հոգևոր Խորհրդի (ՀԽ) դիվանի ինչպես նաև հանձնախմբերի հաշվետվությունները՝ անդրադառնալով հոգևոր ծառայություններին, կրթական ծրագրերին և եկեղեցու կազմակերպական զարգացմանը։

Եկեղեցու հոգևոր առաջնորդության և կառավարման հարցերին անդրադարձան Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանն ու Հովվական հանձնախմբի ղեկավար վեր. Գևորգ Գասպարյանը։ Վեր. Ափինյանը կարևորեց հանձնախմբերի աշխատանքների համակարգումը, ավագ հովվի հետ թիմային աշխատանքը և տեղական եկեղեցիների ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Վեր. Գասպարյանը ներկայացրեց ձեռնադրության համար ստացված երկու դիմումների ուսումնասիրության և թեկնածուների հետ տարվող աշխատանքները՝ նշելով, որ այդ ընթացքում ավագ հովվի ու ՀԽ նախագահի մասնակցությունն անմիջական է եղել։

ՀԱԵ ՀԽ քարտուղար պատ. Խաչիկ Նազարյանն իր զեկույցում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում Հոգևոր Խորհրդի անցկացրած նիստերը, դրանց ընթացքում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները։

Տիկնանց հանձնախմբի համակարգող Էլիզ Բաղդասարյանն ու Տղամարդկանց հանձնախմբի ղեկավար պատ. Արմո Արզումանյանն ամփոփեցին տարվա ընթացքում կազմակերպված տարածաշրջանային համագումարներն ու վերապատրաստումները, որոնց մասնակցել էին հարյուրավոր կանայք և տղամարդիկ։ Զույգերի հանձնախմբի ղեկավար պատ. Արման Մարտիրոսյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը՝ ուղղված ամուսնական հարաբերությունների և ընտանիքների ամրապնդմանը՝ նշելով, որ անցնող տարում նախատեսված նախաձեռնությունները տարբեր պատճառներով չեն իրականացվել։

Ավետարանչության հանձնախմբի ղեկավար պատ. Արմեն Միսակյանն անդրադարձավ «ՋԱՀ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված անհատական ավետարանչության դասընթացներին։ Աղոթքի հանձնախմբի ղեկավար Գուրգեն Գրիգորյանն էլ ներկայացրեց նորաստեղծ հանձնախմբի աշխատանքները՝ կարևորելով տեղական եկեղեցիներում աղոթքի ծառայության համակարգումն ու զարգացումը։

Կազմակերպչական աշխատանքների շրջանակում Արխիվի հանձնախմբի ղեկավար Վարդան Միքայելյանն անդրադարձավ եկեղեցական փաստաթղթերի հավաքագրմանն ու թվայնացման ծրագրերին, իսկ Ֆինանսական հանձնախմբի ղեկավար վեր. Սարգիս Օչինյանը՝ տեղական եկեղեցիների ֆինանսական գործունեության ուսումնասիրությանը և հաշվապահական միասնական ընթացակարգերի ներդրմանը։ Նա Գորիսի եկեղեցու ֆինանսական հաշվետվության օրինակով իրականացրեց նաև գործնական ուսուցում։

Ներքին կանոնագրի հանձնախմբի ղեկավար վեր. Արամ Բաբաջանյանը ներկայացրեց կանոնագրի լրամշակումները։ Պատվիրակները քննարկեցին յուրաքանչյուր փոփոխություն, ներկայացրին առաջարկություններ և քվեարկեցին դրանց վերաբերյալ, որից հետո կատարված փոփոխություններն ամբողջությամբ հաստատեցին միաձայն։

ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանի հաշվետվությունը ներկայացվեց տեսանյութի միջոցով։ Մանկական, պատանեկան և երիտասարդական ծառայություններում ընդգրկված է շուրջ 2700 մասնակից, որոնց հոգևոր դաստիարակության գործում ներգրավված է 282 ծառայող։ Տարվա ընթացքում մշակվել են նոր աստվածաշնչյան դասաշարեր, կազմակերպվել առաջնորդների վերապատրաստումներ, իսկ բակային ճամբարներին մասնակցել է 2600 մանուկ և պատանի։ Կարևոր իրադարձություններից էր նաև «Շողիկ» մանկապատանեկան հանդեսի 25-ամյակը։

Զեկույցներն ուղեկցվում էին հարցուպատասխաններով ու քննարկումներով։ Հատուկ աղոթքներ բարձրացվեցին հանձնախմբերի և նրանց հետագա ծառայության համար։

Համաժողովի առաջին օրն ավարտվեց մշակութային երեկոյով, որի հյուրն էր «Ուրիշ փրոջեքթ» երաժշտական խումբը։ Երաժիշտներն առանձնացան հայկական ժողովրդական ու էստրադային երգերի և համաշխարհային ճանաչում ունեցող հիթերի անսպասելի համադրություններով։ Երեկոյի ավարտին խումբը հաճելի անակնկալ մատուցեց՝ կատարելով «Փառք ենք մենք տալիս Քեզ» հոգևոր երգը, որին միացան համաժողովի մասնակիցները՝ միասնական փառաբանությամբ եզրափակելով օրը։

Համաժողովի երկրորդ օրը մեկնարկեց միասնական աղոթքով, որին հաջորդեցին ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի և նրա ղեկավարած Ռազմավարության հանձնախմբի հաշվետվությունները՝ ներկայացված մեկ տեսանյութի միջոցով։

Ավագ հովիվն ամփոփեց հոբելյանական տարում իրականացված աշխատանքները՝ առանձնացնելով հովիվների և ծառայողների վերապատրաստումը, ավետարանչության ու հոգևոր կրթության զարգացումը, միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդումը և Վանաձորում անցկացված ՀԱԵ 180-ամյակի գլխավոր տոնակատարությունը։

Անդրադառնալով եկեղեցու հետագա զարգացմանը՝ վեր. Խաչատրյանն առանձնացրեց «Առողջ եեղեցի» ռազմավարական ուղղությունը՝ ընդգծելով, որ եկեղեցու առողջությունը չի չափվում միայն թվային աճով։ Առողջ եկեղեցին քրիստոսակենտրոն է, հավատարիմ Աստծո Խոսքին, կարևորում է աշակերտությունը, ավետարանչությունը, նոր առաջնորդների պատրաստումը և հասարակության մեջ գործնական ծառայությունը։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) գործունեության և ՀԱԵ-ի հետ համագործակցության վերաբերյալ զեկույցներ ներկայացրին ընկերության գործերի կառավարիչ Նարեկ Թութխալյանն ու Հայաստանի գրասենյակի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը։ Նարեկ Թութխալյանն անդրադարձավ ընկերության ծրագրերին, ՀԱԵ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, Սպիտակում կառուցված եկեղեցաշենքին, Վարդենիսի դպրոցին և այլ քաղաքներում նախատեսվող կլաստերային դպրոցների նախագծերին։

Արեն Դեյիրմենջյանն ընդգծեց, որ եթե եկեղեցու առաքելության առանցքում Ավետարանի ուղղակի հռչակումն է, ապա Ավետարանչական ընկերակցությունն Աստծո մասին վկայում է հիմնականում գործնական սիրո և հոգատարության միջոցով։ Նա շնորհակալություն հայտնեց ՀԱԵ ավագ հովվին և Հոգևոր Խորհրդի նախագահին՝ արդյունավետ համագործակցության ու թափանցիկ աշխատանքի համար։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նոր կազմի ընտրությունները, որոնց ավարտին ներկաները միասնական աղոթք բարձրացրին նորընտիր խորհրդի անդամների և նրանց առաջիկա ծառայության համար։

Երկօրյա համաժողովն ավարտվեց Սուրբ Հաղորդության պաշտամունքով, որի ընթացքում ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը ներկայացրեց «Պահի՛ր քեզ վստահված ավանդը» խորագրով պատգամը՝ հիմնված Բ Տիմոթեոս 1․3-14 հատվածի վրա։ Նա ընդգծեց, որ եկեղեցու յուրաքանչյուր սերունդ պատասխանատվություն ունի հավատարիմ մնալու Աստծո Խոսքի ճշմարտությանը, ապրելու դրա համաձայն և Սուրբ Հոգու զորությամբ անաղարտ փոխանցելու այն հաջորդ սերունդներին։

Սուրբ Հաղորդությունը մատակարարեցին վեր. Ավետիք Խաչատրյանը և վեր. Արամ Բաբաջանյանը։

Հոբելյանական տարվա համաժողովն ամփոփվեց հոգևոր ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կոչով՝ վերահաստատելով եկեղեցու հանձնառությունը՝ հավատարիմ մնալ Աստծո Խոսքին, զորացնել տեղական եկեղեցիները և շարունակել իր առաքելությունը հասարակության մեջ։

Նախորդ
...
X