Դ Թագավորների 6. 1-7 Հինգշաբթի | Նոյեմբեր 12
«Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։ Դ Թագ․ 6․5
ԱՍՏԾՈ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Երբ Մեթ Ուիլյամսի մեքենայի բեռնախցիկում պահվող Աստվածաշունչը գողացան, նա մտածեց, որ այլևս երբեք չի տեսնի այն։ Հատկապես ցավում էր, որ Աստվածաշնչի պատյանի մեջ պահվող հին լուսանկարներն էլ էին կորել։ «Տե՛ր, այնքան եմ տխրել,- աղոթեց նա։ Այդ լուսանկարներն ինձ համար շատ թանկ են։ Եթե հնարավոր է, վերադարձրո՛ւ դրանք… Բայց ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի»։ Մի քանի օր անց, սոցիալական ցանցերի միջոցով Մեթն իմացավ, որ իր Աստվածաշունչը գտել են գողացված մեքենայի մեջ։ Թվում էր՝ այդքան թանկ կորուստն այլևս անհնար է վերադարձնել, բայց Աստված պատասխանեց նրա աղոթքին։
Եղիսեի աստվածաշնչյան պատմությունը նկարագրում է թվացյալ անհույս իրավիճակ։ Մի քանի մարգարեներ փայտ էին կտրում Հորդանան գետի ափին՝ տուն կառուցելու համար։ Մինչ նրանցից մեկը ծառ էր կտրում, նրա կացինը սահեց բռնակից և ընկավ ջուրը։ «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր», - ասաց մարգարեն Եղիսեին (Բ Թագ․ 6․5)։ «Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր » (հ․ 6)։ Արժեքավոր առարկան հրաշքով վերադարձել էր։
Աստծուն դիմելու համար չափազանց փոքր հոգս կամ աննշան անհանգստություն չկա։ Մենք կարող ենք Նրա օգնությունը հայցել կյանքի ցանկացած իրավիճակում՝ վստահ լինելով, որ Նա լսում է մեզ։ Իսկ Տերը կարող է պատասխանել մեր աղոթքներին ամենաանսպասելի ձևով։
Ինչպե՞ս է Աստված անսպասելիորեն պատասխանել մեր աղոթքներին։ Ինչի՞ համար կարող ենք աղոթել այսօր։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ միշտ լսում ես իմ աղոթքները և հոգատարությամբ ընդունում իմ բոլոր մտահոգությունները։ Օգնի՛ր ամեն իրավիճակում ապավինելու Քեզ, վստահելու կամքիդ և հավատալու, որ ամեն ինչ Քո ձեռքերում է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 51-52, Եբրայեցիներին 9