.
2026թ., Նոյեմբերի 11

Բ Տիմոթեոսին 1․1-5                                                                    Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 11

 

Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Բ Տիմ․ 1․5

 

ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ ԽՈՑՎԱԾ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԵՐ

 

Փամփուշտը դիպավ նրա կրծքին՝ հենց սրտի շրջանում։ Նա պետք է տեղում մահանար։ Սակայն Թագավորական զրահատանկային կորպուսի ավագ սերժանտ Հարրի Գրեյը միայն դանդաղորեն գետնին ընկավ։ Աջ ձեռքով շոշափեց կրծքի գրպանը և այնտեղից հանեց Նոր Կտակարանի երեք «զինվորական» հրատարակություն՝ Գևորգ VI թագավորի ստորագրությամբ։ Վերին երկու գրքերը փամփուշտը ծակել էր ամբողջությամբ, իսկ վերջինի մեջ այն խրվել ու մնացել էր։

Շատ տարիներ անց Հարրին այդ Նոր Կտակարանները նվիրեց իր երեք թոռներին։ Մինչ այսօր նրանց ընտանիքները պահպանում են այդ գրքերը՝ որպես Աստծո հոգատարության ու պաշտպանության զարմանալի պատմության թանկագին վկայություն։ 

Սակայն Հարրին իր սերունդերին փոխանցեց ոչ միայն հուզիչ և զարմանալի պատմություն, այլ նրանց թողեց նաև հավատի ժառանգություն՝ խոր համոզմունք, որ իրեն փրկել է ոչ թե պարզապես գիրքը, այլ այդ գրքի զորավոր Հեղինակը։

Քրիստոսի մասին քարոզելու համար մահապատժի սպասելիս Պողոս առաքյալը մխիթարություն էր գտնում հավատի նման ժառանգության մեջ։ Նա ինքն էլ ծառայեց Աստծուն «մաքուր խղճով» (Բ Տիմ․ 1․3) և իր աշակերտ Տիմոթեոսին հիշեցնում էր նրա անկեղծ հավատքի մասին, որը նախապես բնակվել էր նրա տատիկի՝ Լոիդայի, և մոր՝ Եվնիկեի սրտերում (հ. 5)։ 

Հավատի մասին պատմությունները զորացնում են մեզ և օգնում շարունակելու Աստծուն հետևել, հատկապես երբ ճանապարհը դժվարանում է։ Իսկ երբ ուրիշների հետ կիսվում ենք Աստծո հավատարմությունն ու սերը սեփական կյանքում ճանաչելու մեր փորձառությամբ, կարող ենք նրանց ևս ոգեշնչել՝ իրենց կյանքի դժվարին պահերին ապավինելու Նրա օգնությանն ու պաշտպանությանը։

 

Ինչպե՞ս են Աստծուն հավատարիմ մնացած և Նրա փրկության ճանապարհով ընթացած մարդկանց պատմություններն ամրացրել մեր հավատը։ Ինչպե՞ս կարող ենք ուրիշների հետ կիսվել Աստծո հետ մեր հոգևոր ճանապարհի փորձառությամբ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ այն մարդկանց հավատի համար, ովքեր ինձնից առաջ են ապրել ու հավատարիմ մնացել Քեզ։ Օգնի՛ր ուրիշներին պատմել Քո բարության մասին։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 50, Եբրայեցիներին 8