.
2026թ., Նոյեմբերի 4

Եփեսացիներին 1. 3-14                                                                  Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 4

 

Օրհնյալ է Աստված ․․․ որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ։ Եփ․1․3 

 

Ի՞ՆՉ ՄՆԱՑ

 

Իմ զարմիկ Էնդիին հարվածեց մեքենան, երբ նա զբոսանքի էր տանում իր շանը։ Պատահական անցորդներից մեկը նրան արհեստական շնչառություն տվեց և շտապօգնություն կանչեց։ Էնդին մեկ շաբաթ վերակենդանացման բաժանմունքում էր՝ միացված արհեստական շնչառության սարքին։ Սակայն Սուրբ Ծննդից հետո՝ հաջորդ օրը, հրաշք տեղի ունեցավ՝ նրա վիճակը հանկարծակի բարելավվեց։ Բժիշկներն անջատեցին սարքերը, և նա կնոջը, ծնողներին, եղբորը և իր հինգ երեխաներին ասաց․ «Ես ձեզ սիրում եմ»։ Հույսը վերստին արթնացավ։ Բայց արդեն հաջորդ օրը Էնդին մահացավ։

Հուղարկավորության արարողության ժամանակ Էնդիի հինգ երեխաները արցունքներն աչքերին, ջերմ ու երախտագիտությամբ լի խոսքեր ասացին իրենց հայրիկի մասին։ Նրա դուստրը՝ Ջուլիան, մի միտք արտահայտեց, որը բոլորին խորհելու տեղիք տվեց․ «Կարևորն այն չէ, թե որքան բան ենք կորցրել, այլ այն, թե որքան բան է դեռ մնացել մեզ»։

Ճշմարտությունն այն է, որ Էնդիին ճանաչող ու սիրող մարդիկ չափազանց մեծ կորուստ կրեցին՝ կորցնելով մեկին, ով իր գեղեցիկ կյանքը նվիրել էր Քրիստոսին։ Կարևոր է՝ մենք էլ անդրադառնանք. երբ կորուստ ենք ունենում, ի՞նչ է մնում մեզ, ի՞նչն է մեզ հույս տալիս։ 

Եփեսացիներին ուղղված նամակում խոսվում է այն հոգևոր օրհնությունների մասին, որոնք Էնդին և Քրիստոսին հավատացող բոլոր մարդիկ ունեն Նրա մեջ։ Մենք «անարատ» ենք Նրա առաջ (հ. 4), նախասահմանված ենք Աստծո որդեգիրները լինելու (հ. 5), ունենք Նրա «արյան միջոցով» փրկություն և «մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության» (հ. 7)։ Մեր մեջ բնակվում է Սուրբ Հոգին, «որը մեր ժառանգության գրավականն» է Աստծո հետ ապագա կյանքի համար (հ. 13-14)։

Քրիստոսին սիրողները Նրանից հավիտենական կյանքի պարգև են ստանում։

 

Ի՞նչ կորուստներ ենք ունեցել կյանքում, և ի՞նչ օրհնություններ են դեռ մնացել մեզ։ Ինչի՞ համար կարող ենք այսօր շնորհակալություն հայտնել Աստծուն՝ նույնիսկ մեր վշտի ու դժվարությունների մեջ։

 

Աղոթք – Հա՛յր, մխիթարի՛ր ինձ և օգնի՛ր ապավինել Քո խոստումներին։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 32-33, Եբրայեցիներին 1