Գործք Առաքելոց 9. 1-6, 17-20 Երեքշաբթի | Հոկտեմբեր 20
Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Գործք 9․4
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՐԵՑԻՔ
1963 թվականի սեպտեմբերին ուելսցի նկարիչ Ջոն Փեթսը լսեց մի սարսափելի լուր. ԱՄՆ-ում եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչության հետևանքով երեք փոքրիկ աղջիկ էր զոհվել։ Ցանկանալով օգնել՝ նա առաջարկեց պատրաստել նոր վիտրաժային պատուհան՝ կոտրվածի փոխարեն։ Ուելսի բնակիչները հավաքեցին անհրաժեշտ գումարը, և շատ չանցած՝ ամերիկյան եկեղեցին Մեծ Բրիտանիայից մի թանկագին նվեր ստացավ։
Փեթսի պատրաստած նոր վիտրաժը պատկերում է խաչելությունը։ Տիրոջ աջ ձեռքը հենված է շրջանակին, կարծես Նա հետ է մղում ատելությունը, իսկ բացված ձախ ձեռքը ներում է առաջարկում։ Ներքևում գրված է. «Ինձ համար արեցիք»։ Ո՞ւմ են ուղղված այս խոսքերը։ Երեք փոքրիկներին սպանած ահաբեկիչների՞ն, թե՞ Ուելսի բնակիչներին, որոնք գումար էին հավաքել վիտրաժի պատրաստման համար։
Հնարավոր է՝ երկու պատասխանն էլ ճիշտ են։ Մինչև իր դարձը Սողոսը դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին (Գործք 9․1-2)։ Բայց հետո Հիսուսը հայտնվեց նրան և ասաց․ «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում» (հ. 4)։ Քրիստոսն Իրեն այնքան է նույնացնում Իր ժողովրդի հետ, որ հավատացյալներին արված ամեն բան՝ լինի բարի, թե չար, վերագրում է նաև Իրեն։
Սողոսն անձամբ համոզվեց, որ Հիսուսը հեռացնում է ատելությունը և պարգևում կյանքը վերափոխող ներում (հ․ 17-20)։ Նրա աջ ու ձախ ձեռքերն անբաժան են գործում և երբեք չեն հեռանում Իր տառապող ժողովրդից։
Ինչպե՞ս կարող է Քրիստոսի օրինակը ոգեշնչել մեզ՝ ծառայելու հալածվող եկեղեցուն։ Ինչպե՞ս է այն փոխում մեր վերաբերմունքը կարիքի մեջ գտնվող հավատացյալների հանդեպ։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, ցանկանում եմ ծառայել Քեզ՝ ծառայելով Քո ժողովրդին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 59-61, Բ Թեսաղոնիկեցիներին 3