Երեմիա 18. 1-10 Չորեքշաբթի | Հոկտեմբեր 14
Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։ Եր․ 18․6
ԱՍՏՎԱԾ՝ ՈՐՊԵՍ ԲՐՈՒՏ
Երբ Էշթոնը ծանոթացավ Նիքի հետ, իրեն կորած և կյանքում որևէ նպատակից զուրկ մարդ էր համարում։ «Ես այնպիսի կյանքով էի ապրում, որի մասին հիմա ամաչում եմ անգամ հիշել», - պատմում էր նա։ Նիքը նույնպես անցյալում այդպիսին էր, սակայն հետո դարձի էր եկել և ընդունել Քրիստոսին։ Մի օր նա Էշթոնին պատմեց, որ Աստվածաշնչում Աստված Իրեն համեմատում է բրուտի հետ։ Ինչպես բրուտն է նորից ձևավորում կավը, այնպես էլ Տերը վերափոխեց Նիքի կյանքը և դժվար ժամանակներում նրան նոր հույս տվեց։ Հետագայում նրանք ամուսնացան և երկուսն էլ սիրեցին բրուտագործությունը։ Այժմ Նիքն ու Էշթոնը վարպետության դասեր են անցկացնում՝ մասնակիցներին պատմելով, որ «յուրաքանչյուրը եզակի է և ստեղծված հատուկ նպատակի համար»։
Աստված Իրեն համեմատեց բրուտի հետ, երբ Երեմիա մարգարեին ուղարկեց բրուտի արհեստանոց և պատվիրեց դիտել, թե ինչպես է վարպետը փչացած անոթը նորից ձևավորում և նոր անոթ պատրաստում (Եր. 18․4)։ Աստված Երեմիային հայտնեց Իսրայելին նորոգելու Իր մտադրությունը։ Նա ժողովրդին ապաշխարության և հույսի պատգամ փոխանցեց․ «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն» (հ. 6)։
Երեմիան խոսում էր Իսրայելի ժողովրդի հետ, սակայն Աստծո ասածը վերաբերում է նաև մեր անձնական կյանքին։ Եթե նկատում ենք, որ մեր մտքերն ու արարքները մեզ հեռացնում են Աստծո ճշմարտությունից, դիմե՛նք Մեծ Բրուտի օգնությանը։ Ընդունե՛նք մեր սխալները, խնդրե՛նք Նրան առաջնորդել մեզ ու իմաստություն պարգևել, և Նա Իր սիրող ձեռքերով կրկին կձևավորի մեր կյանքը։
Ինչպե՞ս է Աստված վերափոխել մեր սիրտն ու կյանքը։ Նրա սիրով ու ներգործությամբ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր մեջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, դարձրո՛ւ մեզ այնպիսին, ինչպիսին Դու ես ուզում տեսնել մեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 43-44, Ա Թեսաղոնիկեցիներին 2