.
2026թ., Հոկտեմբերի 13

Բ Կորնթացիներին 4․1, 5-10                                                     Երեքշաբթի   |   Հոկտեմբեր 13

 

Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում։ 

Բ Կորնթ․ 4․1

 

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԵՔ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սըր Ուինսթոն Չերչիլի ոգու ուժը կասկածի տակ դնել հնարավոր չէ։ Նա չէր հանձնվում նույնիսկ այն ժամանակ, երբ հաղթանակը գրեթե անհնար էր թվում։ Նրա ոգեշնչող ելույթներն ու անսասան կամքն ուժ էին տալիս շրջապատողներին։ «Երբեք մի՛ հանձնվեք, - հորդորում էր Չերչիլը, - ոչ մի դեպքում և ոչ մի բանի մեջ՝ ո՛չ մեծ, ո՛չ փոքր հարցում, երբեք մի՛ հանձնվեք… բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջում է պատիվն ու ողջամտությունը»։ Չերչիլը հասկանում էր իր առաքելության կարևորությունը, ուստի պատերազմի սարսափների մեջ չէր ընկճվում։

Պողոս առաքյալը ևս հաստատակամության օրինակ է, սակայն՝ շատ ավելի մեծ նպատակի համար։ Վստահ լինելով, որ իր ծառայությունն Աստծուց է հանձնված իրեն՝ նա Կորնթոսի եկեղեցուն գրեց՝ «չենք տկարանում» (Բ Կորնթ. 4․1)։ Նա չէր պատրաստվում հանձնվել, որքան էլ դժվար լիներ, և իր նամակում հորդորում էր թե՛ կորնթացիներին, թե՛ մեզ՝ նույն կերպ վարվելու։ 

Այո՛, Քրիստոսին հետևելը դժվարություններ է ենթադրում (հ. 8)։ Սակայն Աստված խոստացել է երբեք չլքել մեզ (հ. 9)։ Ավելին՝ Նա մեր ապականացու մարմինների մեջ «գանձ» է դրել՝ Քրիստոսի լույսը (հ. 6), որը փայլում է մեր ճեղքերի միջով, «որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից» (հ. 7)։ «Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին» (հ. 5)։ Հիսուսն Աստծո ողորմության ծառայությունն է։ Ուստի մենք երբեք չպետք է հուսահատվենք։

 

Ի՞նչն է երբեմն պատճառ դառնում, որ հուսահատվենք և կորցնենք քաջությունը։ Այսօրվա խոսքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ամուր մնալ, չընկճվել և շարունակել վստահությամբ առաջ ընթանալ։   

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ միշտ զորացնում ու պահում ես ինձ։ Օգնի՛ր ընդունել իմ «ճեղքերը» և թույլ տուր, որ Քո լույսը փայլի իմ կյանքի միջով։ Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 41-42, Ա Թեսաղոնիկեցիներին 1