.
2026թ., Հոկտեմբերի 12

Բ Օրենք 8. 10-18                                                                       Երկուշաբթի   |   Հոկտեմբեր 12

 

Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները․․․ 

Բ Օր․ 8․11 

 

Ի՞ՆՉ ԱՐԵՑ ԱՍՏՎԱԾ

 

Դեն Ուոլեսը դասավանդում էր հունարեն և ճանապարհորդում էր աշխարհի տարբեր երկրներով՝ հնագույն ձեռագրերը դասակարգելու և ուսումնասիրելու համար։ Սակայն իր կարիերայի ամենափայլուն շրջանում նա հիվանդացավ էնցեֆալիտով՝ ուղեղի բորբոքում առաջացնող հիվանդությամբ։ Մի ամբողջ տարի Դենն անցկացրեց անվասայլակին գամված և բուժվեց հինգ տարբեր հիվանդանոցներում։ Նա ողջ մնաց, սակայն կորցրեց հիշողության մեծ մասը, այդ թվում՝ օտար լեզուների իմացությունը։ Այնուամենայնիվ, նա չհանձնվեց և կրկին վերադարձավ իր սիրելի գործին։ «Ես ստիպված էի նորից սովորել հունարեն, - պատմում է Դենը,- սովորել այն դասագրքով, որը հիվանդությունից մեկ տարի առաջ հենց ինքս էի հրատարակել»։

Հավանաբար, տարօրինակ է սեփական գրած դասագրքով հունարեն սովորելը։ Սակայն նույն ճշմարտությունները կրկին ու կրկին սովորելը հավատացյալների համար միանգամայն բնական և նույնիսկ անհրաժեշտ գործ է։ Հենց այդ պատճառով Աստված Իսրայելին տվեց Երկրորդ Օրինաց գիրքը։ Դրանում կրկնվում են այն օրենքները, որոնք Աստված տվել էր Սինա լեռան վրա։ Մասնավորապես, 5-րդ գլխում ներկայացված են Տասը պատվիրանները, որոնք արդեն շարադրված էին Ելից գրքում։ Մովսեսը բազմիցս կոչ էր անում իսրայելացիներին հիշել, թե ինչպես Տերը նրանց դուրս բերեց Եգիպտոսից, պահեց անապատում և հասցրեց Ավետյաց երկրի սահմաններին։ Իսրայելը պետք է հիշեր իր փրկության պատմությունը, որպեսզի չհպարտանար և չմոռանար Աստծուն, Ով նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից (Բ Օր. 8․14)։

Ո՞ր «անապատից» է Աստված մեզ դուրս բերել։ Ինչպե՞ս է Նա հոգացել մեր մասին։ Պարզապես կանգ առնե՛ք ու խորհե՛նք, և բազմաթիվ պատճառներ կգտնենք Աստծուն շնորհակալություն հայտնելու և Նրան փառաբանելու համար։ 

 

Ինչո՞ւ է կարևոր նորից ու նորից անդրադառնալ աստվածաշնչյան պատմություններին և ուսուցումներին։ Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ հիշեցնել մեր փրկության մասին:  

 

Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնի՛ր երբեք չմոռանալ Քո փրկության պատմությունը և միշտ պահել այն իմ սրտում։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 39-40, Կողոսացիներին 4