2026 թվականն աշխարհասփյուռ Հայ Ավետարանական եկեղեցու համար հոբելյանական է․ եկեղեցու հիմնադրման 180-ամյակը տարվա ընթացքում նշվում է աշխարհի տարբեր երկրներում և համայնքներում։ Հայաստանում հոբելյանական գլխավոր տոնակատարությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ)։
Տոնակատարությունն առանձնահատուկ խորհուրդ ուներ նաև իր անցկացման վայրով։ Առաջին անգամ հոբելյանական գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Երևանից դուրս՝ ոչ թե համերգային կամ հանդիսությունների սրահում, այլ հենց եկեղեցասրահում։ ՀԱԵ 22 տեղական եկեղեցիներից, ինչպես նաև Հայ Ավետարանական այլ միություններից Վանաձոր էին ժամանել շուրջ 400 պատվիրակ՝ հովիվներ, ծառայողներ, հոգաբարձուներ, եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր։
Պաշտամունքի ընթացքն առաջնորդում էր ՀԱԵ Աբովյանի հոգևոր հովիվ պատ. Արմեն Միսակյանը, ում ողջույնի խոսքով էլ մեկնարկեց հոբելյանական միջոցառումը։
Պաշտամունքի կոչով հանդես եկավ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վերապատվելի Վարդան Ափինյանը։ Մեջբերելով Ա Կորնթացիներին 2.10-11 համարները՝ նա 180-ամյա պատմության մեջ առանձնացրեց այն հիմքը, որը երբեք չի փոխվել․ «180 տարի՝ հաջորդող սերունդներ, 180 տարի՝ հարատև աղոթքներ, 180 տարի՝ քարոզված Ավետարան, 180 տարի՝ ուրախություններ և նաև դժվարություններ, 180 տարի՝ մարդիկ, ովքեր ծառայել և այդ հավատի ու ծառայության ջահը փոխանցել են հաջորդ սերունդներին։ Բայց այս ամբողջ պատմության մեջ մի բան չի փոխվել․ եկեղեցու հիմքը Հիսուս Քրիստոսն է»,- ասաց նա։
Յուրահատուկ էին նաև պաշտամունքի համար ընտրված երգերը։ ՀԱԵ Ստեփանավանի փառաբանության խումբը՝ Անի Հաջինյանի ղեկավարությամբ, եռաձայն կատարեց ավետարանական հոգևոր հին ու նոր երգեր՝ շուրջ 500 տարի առաջ գրված «Աստված մեր բերդն է հաստատուն» օրհներգից մինչև 180 տարի առաջ ՀԱԵ հիմնադրության ժամանակ հնչած «Եկեղեցին ընդհանրական» և այլ ստեղծագործություններ։
Փառաբանության աղոթքն առաջնորդեց Մոսկվայի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ վեր. Մասիս Հակոբյանը, որին հաջորդեց 180-ամյակին նվիրված փոխասաց ընթերցումը՝ ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ վեր. Արամ Բաբաջանյանի առաջնորդությամբ։
Տոնական պաշտամունքի ընթացքում տարբեր բաժիններում ցուցադրվեց չորս տեսանյութ, որոնք ներկայացնում էին ՀԱԵ պատմությունն ու աշխարհասփյուռ միությունները, Հայաստանում եկեղեցու վերածննդի վկայությունները, ինչպես նաև ՀԱԵ առաքելությունը՝ անցյալում, ներկայում և ապագայում։ Ֆիլմերը ստեղծվել էին ՀԱԵ մեդիա բաժնի կողմից՝ Վեր. Նշան Բակալյանի խորհրդատվությամբ ու Վեր. Ներսես Պալապանյանի գործիքավորած երաժշտության օգտագործմամբ:
Հոբելյանական պաշտամունքն իր ներկայությամբ պատվել էր նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իր ուղերձում նա անդրադարձավ Հայ Ավետարանական եկեղեցու անցած դժվարին ճանապարհին՝ հիշատակելով Ցեղասպանության տարիների կորուստներն ու խորհրդային աստվածահալած շրջանի փորձությունները։ «Եկեղեցին պաշտպանված է, որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսին որևէ մեկը չի կարող հաղթել»,- նշեց Սրբազան հայրը՝ մաղթելով, որ Սուրբ Հոգու առաջնորդությունը շարունակի ուղեկցել Հայ Ավետարանական եկեղեցուն նաև ժամանակակից աշխարհի նոր մարտահրավերների պայմաններում։
Այնուհետև հովվական աղոթքի համար հրավիրվեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը եկեղեցու պատմության տարբեր փուլերում ցուցաբերած աջակցության և ծառայակցության համար՝ հիշեցնելով նաև, որ Վանաձորի եկեղեցաշենքը նույնպես ընկերակցության նվերն է։ Սակայն երախտագիտության խոսքը նա ուղղեց նախ և առաջ Աստծուն․ «Այս ամբողջն Աստված է կազմակերպում, Աստված է հոգ տանում, մարդկանց սրտերին դնում նպատակներ և հնարավորություններ ստեղծում, որ Իր հետ համագործակցելով, Իր հետ ծառայելով՝ մարդկությանը դեպի հավիտենական կյանք ուղղելու ճանապարհը հարթվի»։
Պաշտամունքի մասնակիցները միասնաբար ընթերցեցին նաև ՀԱԵ հավատքի հիմքում ընկած Նիկիական հանգանակը՝ ՀԱԵ Ստեփանավանի հոգևոր հովիվ վեր. Հրանտ Բադալյանի առաջնորդությամբ։
Օրվա հիմնական պատգամը՝ «Աստծո հավատարմության 180 տարիները. հաստատ կանգնած՝ ապագային նայելով», փոխանցեց Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վեր. դոկ. Գրիգոր Յումուշաջիկյանը։
Պատգամի սուրբգրային հատվածները՝ Սաղմոս 78.1-7-ը, Եփեսացիներին 2.19-22-ը և Հայտնություն 2.1-7-ը, ընթերցեց ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ պատ. Խաչիկ Նազարյանը։
Պատգամի առանցքը 180 տարիները որպես մարդկային ձեռքբերումների պատմություն չդիտելու կոչն էր։ «Այսօր մենք միայն 180 տարիներու պատմությունը չենք տոներ։ Մենք կտոնենք Աստծո շնորհքին պատմությունը Հայ Ավետարանական եկեղեցիին կյանքի մեջ»,- ասաց վեր. Յումուշաջիկյանը։
Նա առանձնացրեց չորս հիմնական շեշտադրում՝ հիշել Աստծո հավատարմությունը, շարունակել կառուցվել Հիսուս Քրիստոսի և Աստծո Խոսքի հիմքի վրա, նորոգել Քրիստոսի հանդեպ առաջին սերը և կենդանի հավատքը փոխանցել հաջորդ սերունդներին։ «Մեր պատմության իսկական հերոսը ոչ մեկ անհատ է, ոչ մեկ առաջնորդ, ոչ մեկ սերունդ։ Մեր պատմության հերոսը հավատարիմ Աստվածն է, որ Իր շնորհքով պահեց, առաջնորդեց և օրհնեց եկեղեցին 1846-են մինչև այսօր»,- ընդգծեց վեր. Գրիգոր Յումուշաջիկյանը։
Պաշտամունքն ավարտվեց ՀԱԵ Հոգևոր Խորհրդի փոխնախագահ՝ վեր. Գևորգ Գասպարյանի աղոթքով, որն ամփոփեց օրվա խորհուրդը՝ շնորհակալություն անցած 180 տարիների համար, ապաշխարության և նորոգության խնդրանք ներկայի համար ու վստահություն գալիքի հանդեպ։ «Մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, բայց գիտենք, որ Դու լինելու ես այնտեղ»,- հնչեց աղոթքում։
Երկու ժամից ավելի տևած տոնական պաշտամունքին կեսժամյա ընդմիջումից հետո հաջորդեց համերգային ծրագիր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Ծրագիրը միավորեց հայկական հոգևոր ու ազգային երաժշտական ժառանգությունը և համաշխարհային դասական երաժշտությունը։
Հնչեցին Գրիգոր Նարեկացու «Հավուն»-ը՝ Հայկ Մելիքյանի փոխադրմամբ, Առնո Բաբաջանյանի «Էքսպրոմտ»-ը, Կոմիտասի «Չորս պար»-ը և «Մշո շորոր»-ը, Յոհան Սեբաստիան Բախի խորալային պրելյուդները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի Quando corpus morietur-ը, Թոմաս դե Հարթմանի հոգևոր ստեղծագործություններն ու Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ը։
Համերգային ծրագրից հետո մասնակիցների շփումը շարունակվեց հյուրասիրության շուրջ, որի ընթացքում կտրվեց նաև հոբելյանական տորթը։
Այսպիսով, ՀԱԵ 180-ամյակի տոնական օրը միավորեց պատմությունը, պաշտամունքը, աղոթքը, պատգամն ու երաժշտությունը՝ հայացքն անցյալից դեպի ապագա ուղղելով և հիշեցնելով՝ փոխվել են սերունդները, ժամանակներն ու ծառայության ձևերը, սակայն եկեղեցու հիմքը մնում է Քրիստոսը, իսկ անցյալի ժառանգությունն արժեք ունի այնքանով, որքանով այն դառնում է ներկայի հավատարմություն և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվություն։