Փիլիպպեցիներին 3. 10-16 Ուրբաթ | Հոկտեմբեր 2
Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ…որպեսզի ճանաչեմ նրան… Փիլ․3․8-10
ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Աշխատանքից ազատվելուց հետո Ուիլն այնքան ծանր հոգեվիճակում հայտնվեց, որ իր կամքով ընդունվեց հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների բաժանմունք։ Սակայն շաբաթներն անցնում էին, իսկ նրա մոտ ոչ մի առաջընթաց չէր նկատվում։ Մի օր բժիշկը նրան տեսնելով ժպտաց ու ասաց. «Ես վստահ եմ, որ կարող եմ ավելի արագ վազել հանգստի սենյակ»։ Ուիլը հետագայում հիշում է. «Այդ պարզ քայլը ինչ-որ բան արթնացրեց իմ մեջ: Ես հանկարծ առաջ նետվեցի ու առաջինը հասա հանգստի սենյակ»։ Նպատակի զգացումը նրան հույս տվեց և դարձավ վերականգնման կարևոր բանալին։
Պողոս Առաքյալը հասկացավ կյանքի նպատակի կարևորությունը: Նրա նպատակն էր ճանաչել Քրիստոսին, ամեն ինչով նմանվել Նրան` և՛ տառապանքով, և՛ հարության զորությամբ: Այս նպատակին հասնելու համար Պողոսը հավատարիմ մնաց մի պարզ սկզբունքի. «Հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլի. 3․13-14):
Դժվարությունների առաջ միայնակ մնալու կարիք չունենք։ Աստված օգնում է մեզ վերանայել և նորովի ուղղել մեր նպատակները, որպեսզի, «ինչին որ հասանք», նույն մտքով շարունակենք ապրել և գործել (հ. 16)։
Պողոս առաքյալի նպատակը երկրային բաների մեջ չէր։ Նա գիտեր, որ մեր «բնակությունը երկնքում է» (հ. 20)։ Նման հայացք ունենալով՝ մենք միշտ կունենանք հույս և զորություն՝ Քրիստոսի մեջ աճելու։
Ի՞նչ նպատակներ ունենք այսօր: Ինչպե՞ս կարող ենք վերանայել դրանք և համապատասխանեցնել Աստծո ծրագրին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, վերաիմաստավորի՛ր իմ նպատակներն այնպես, որ դրանք մղեն ինձ ճանաչելու Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 14-16, Եփեսացիներին 5. 1-16