Առակաց 15. 1-6 Հինգշաբթի | Հոկտեմբեր 1
Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է․․․Առ․ 15․1
ՄԵՂՄ ՊԱՏԱՍԽԱՆ
«Բավակա՛ն է։ Փակի՛ր»։ Այս խոսքերը մի անգամ ինձ ասաց տարեց ու փորձառու մեղվապահը, երբ ես սովորում էի փեթակներ խնամել։ Ես կտրուկ էի շարժվում, դիպչում էի փեթակին ու անհանգստացնում մեղուներին։ Նրանք ավելի ու ավելի շատ էին պտտվում գլխիս շուրջ։ Թեև իմ մտադրություններն ամենևին էլ վատ չէին, ես միայն ավելի էի սրում նրանց անհանգստությունը։ Մեղվապահն ինձ սովորեցնում էր շարժվել հանգիստ, սահուն և զգույշ, որպեսզի չանհանգստացնեմ մեղուներին։ Այսօր՝ տարիներ անց, երբ բացում եմ փեթակը, շարժումներս այնքան սահուն ու ճշգրիտ են դարձել, որ կինս ասում է՝ կարծես պարում եմ։
Երբեմն դժվար զրույցները նման են փեթակի շուրջ զգուշորեն պարելուն։ Երբ մարդիկ հուզված են, իսկ իրավիճակը՝ լարված, կտրուկ ու վճռական խոսքերը կարող են ավելի սրել այն։ Սողոմոնը գրել է, - «Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը» (Առ. 15․1)։ Զայրացած մարդկանց հանդեպ խաղաղ ու բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն քանի որ հեզությունը Հոգու պտուղներից է (Գաղ. 5․22-23), Աստծո օգնությամբ մենք կարող ենք աճել այդ առաքինության մեջ։
Այսօր ես դեռ սովորում եմ իմաստություն և նրբանկատություն, երբ բացում եմ փեթակը կամ երբ սկսում եմ դժվար զրույց վարել։ Եթե մենք սա անենք Աստծո հանդեպ հույսով, կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ համար «արագահաս օգնական է» և միշտ մեր կողքին է (Սաղմ․ 46․2):
Ինչպե՞ս է Աստված օգնել մեզ մեղմորեն վարվել զայրացած մարդկանց հետ: Այսօր ո՞ւմ կարող ենք հեզությամբ պատասխանել:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր լինել հեզ և մարդկանց հետ շփվելիս արտահայտել Քո սերը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 11-13, Եփեսացիներին 4