Սեպտեմբերի 20-23-ը Հանքավանում, իսկ սեպտեմբերի 25-ին Աբովյանում անցկացված վերապատրաստման դասընթացների առանցքում մարդն էր՝ իր անհատականությամբ, հոգևոր շնորհներով, ապրած դժվարություններով, հոգեբանական ցավով և օգնության կարիքով։
Մի քանի օր շարունակ Հայստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվները, նրանց կանայք և տարբեր ծառայություններում ներգրավված առաջնորդներ հնարավորություն ունեցան ծանոթանալու խորհրդատվության գործնական մեթոդներին, իսկ պատանիների ու երիտասարդների հետ աշխատող ծառայողները՝ կախվածությունների կանխարգելմանն ու միջամտության սկզբունքներին։
Դասընթացները վարեցին ԱՄՆ-ից ժամանած դոկտոր Էվիլին Բլեզը, ով դոկտորական աստիճան ունի քրիստոնեական խորհրդատվության ոլորտում, և դոկտոր Միկի Քեյը՝ կախվածությունների և աստվածաշնչյան խորհրդատվության մասնագետ։
Ծրագիրը մեկնարկեց սեպտեմբերի 20-ին։ Մեկօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացան մարդկային վարքագծի և անհատականության չորս հիմնական տիպերին՝ փորձելով հասկանալ, թե դրանց առանձնահատկություններն ինչպես են արտահայտվում եկեղեցական կյանքում, ծառայության և թիմային աշխատանքի ընթացքում։ Քննարկվեց նաև հոգևոր շնորհների ճանաչման թեման՝ շեշտադրելով, որ տարբեր բնավորություններն ու շնորհները կարող են ոչ թե խոչընդոտել, այլ լրացնել միմյանց՝ ընդհանուր ծառայության մեջ։
Սեպտեմբերի 21-23-ին տեղի ունեցած հիմնական սեմինարի մասնակիցների թիվը շուրջ 80 էր, թեման քրիստոնեական խորհրդատվությունն էր՝ հատկապես լուծումակենտրոն մոտեցումը։
Դասընթացի կարևոր շեշտադրումներից էր այն, որ խորհրդատվությունը պարզապես պատրաստի խորհուրդներ տալը չէ։ Խորհրդատուի խնդիրն է ճիշտ հարցերի, լսելու և ուղղորդելու միջոցով օգնել մարդուն ինքնուրույն տեսնելու հնարավոր լուծումները, վերագտնելու հույսը և քայլեր ձեռնարկելու իրավիճակից դուրս գալու համար։ Լուծումակենտրոն մոտեցման նյութերում առանձնապես ընդգծվում էր ապագայի վրա կենտրոնանալը և այն սկզբունքը, որ նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է ավելի մեծ փոփոխության սկիզբ դառնալ։
Տեսական գիտելիքը դասընթացի միայն մի մասն էր։ Տարբեր մեթոդներ ներկայացվում էին գործնական օրինակներով, փորձարկվում հենց հանդիպումների ընթացքում՝ մասնակիցների կողմից, ապա քննարկվում։ Սա հնարավորություն տվեց ոչ միայն հասկանալու, թե ինչպես է աշխատում որևէ տեխնիկա, այլև՝ դրանցից որոնք են պահանջում ավելի շատ գործնական փորձ և որոնք՝ հայկական մշակութային միջավայրին համապատասխանեցում։
Հատկանշական է, որ բանախոսները, գրեթե միշտ հոգեբանական գործիքներն ուղղակիորեն կապում էին հավատքի հետ՝ բազմիցս հիշեցնելով, որ քրիստոնեական խորհրդատվության նպատակը միայն մարդու խնդրի լուծումը չէ։ Խորհրդատվության ընթացքը պետք է օգնի մարդուն տեսնել հույսը, վերականգնման հնարավորությունը և, ի վերջո, ուղղորդել դեպի Աստված։
Այս միտքն արտահայտվում էր նաև աստվածաշնչյան անդրադարձերում։ «Ահա՛ Լիան» նյութում Ծննդոց 29-ի պատմության միջոցով ուշադրություն էր հրավիրվում մերժված, չնկատված կամ ուրիշների հետ համեմատված լինելու ցավի վրա։ Լիայի պատմության առանցքային շեշտադրումն այն էր, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն իրեն անտեսված է զգում, Աստված տեսնում է նրան։
Վերապատրաստումների վերջին փուլը սեպտեմբերի 25-ին էր, Աբովյանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում՝ պատանիների և երիտասարդների հետ ծառայող շուրջ 25 առաջնորդների մասնակցությամբ։ Այս անգամ թեման կախվածություններն էին՝ դրանց առաջացման պատճառները, տեսակները, ազդեցությունը մարդու ուղեղի, մարմնի, հույզերի, հարաբերությունների և ամբողջ կյանքի վրա։
Դասընթացի կարևոր շեշտադրումներից էր կախվածությանը մոտենալ ոչ թե պարզապես որպես բարոյական ձախողում, այլ որպես բժշկական, հոգեբանական և սոցիալական հետևանքներ ունեցող խնդիր։
Ներկայացվեցին նաև վարքային կախվածությունները, կախվածության նախանշանները, ինչպես նաև այն փոփոխությունները, որոնք կարող են նկատվել մարդու վարքում, հուզական վիճակում և հարաբերություններում։
Հատուկ ուշադրություն դարձվեց կանխարգելմանը։ Երիտասարդների հետ աշխատող ծառայողների համար կարևոր էր սովորել նկատել այն փուլերը, երբ կախվածությունը դեռ չի ձևավորվել, սակայն արդեն կան վտանգի գործոններ։ Քննարկվեցին գործնական քայլեր, որոնց միջոցով կարելի է օգնել պատանուն ճանաչելու իր վրա ազդող անձնական, սոցիալական և միջավայրային գործոնները, դիմակայելու հասակակիցների ճնշմանը, ընտրելու ռիսկային վարքի առողջ այլընտրանքներ և ձևավորելու աջակցության վստահելի շրջանակ։
Միաժամանակ ընդգծվեց, որ հավատքի վրա հիմնված աջակցությունը չի հակադրվում մասնագիտական օգնությանը։ Կախվածությունների դեպքում վերականգնմանը կարող են նպաստել բժշկական մոտեցումները, խորհրդատվությունը, համայնքային աջակցությունը, պատասխանատվության առողջ հարաբերությունները և հոգևոր խնամքը։
ՀԱԵ ծառայողների հերթական վերապատարաստումը ոչ միայն նոր գիտելիքների ու գործնական հմտությունների հնարավորություն էր, այլև մարդկանց ավելի ուշադիր լսելու, նրանց իրավիճակն ավելի խորությամբ հասկանալու և դժվարության մեջ գտնվող մարդու հետ քայլելու ու նրան դեպի Աստված ուղղորդելու մարտահրավեր։ Ի վերջո մասնագիտական հմտություններն ու հոգևոր խնամքը պետք է վերականգնեն մարդկանց հույսն ու նրանց հայացքն ուղղեն դեպի Աստված։