Կողոսացիներին 2. 6-15 Չորեքշաբթի | Սեպտեմբեր 30
․․․մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։ Կող․ 2․8
ՈՉ ԹԵ ԾԵՍ, ԱՅԼ՝ ՔՐԻՍՏՈՍ
Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում ամեն տարի հազարավոր մարդիկ են հավաքվում՝ այրելու Զոզոբրան՝ տասնհինգ ոտնաչափ բարձրությամբ մի խրտվիլակ, որը լի է նամակներով, որոնք արտահայտում են իրենց անհանգստությունները, մտահոգությունները և ափսոսանքը: «Այրե՛ք, այրե՛ք»,- գոռում է ամբոխը՝ հույս ունենալով, որ կրակը կջնջի իրենց խնդիրները և հնարավորություն կտա նորից սկսելու: Այս ծեսն արտահայտում է վախից, ամոթից և ձախողումներից ազատվելու մարդու խոր ցանկությունը։ Դա տպավորիչ արարողություն է, սակայն իրականում ոչինչ չի փոխում։ Կրակը կարող է ոչնչացնել նամակները, բայց ոչ մեղքերը: Այն կարող է ժամանակավորապես բարձրացնել մարդու տրամադրությունը, սակայն չի կարող ազատել մեղքի զգացումից։
Պողոս առաքյալը գրում է․ «Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի» (Կող. 2․8)։ Նա հավատացյալներին հիշեցնում էր, որ Հիսուս Քրիստոսին չպետք է փոխարինել դատարկ ու անզոր բաներով, և բացատրում էր, թե ինչու․ Քրիստոսն «աներևույթ Աստծու պատկերն է» (Կող. 1․15), Նա ամեն ինչից վեր է և ամեն ինչ Նրա միջոցով է ստեղծվել (հ. 16), Նրա մեջ «Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես» (Կող. 2․9), և Նա է «ամեն իշխանության և պետության գլուխը» (հ. 10)։ Նրա մահվան և հարության շնորհիվ մենք «արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված» ենք (հ. 7), կենդանացել ենք և ստացել մեղքերի թողություն (հ. 13)։ Մարդկային ծեսերը՝ թե՛ կրոնական, թե՛ մշակութային, կարող են հմայել մարդկանց բազմությանը, սակայն միայն Քրիստոսն է, որ կարող է ներել մեղքերը և մեկընդմիշտ կոտրել մեղքի իշխանությունը։
Մեր հոգսերն ու ապրումները ծեսերին ու ավանդույթներին վստահելու փոխարեն դրանք բերե՛նք Քրիստոսի առաջ։ Նա է ազատում մեզ և մեր սրտերը լցնում հույսով։
Ինչպե՞ս կարող են ծեսերը վտանգավոր կերպով փոխարինել Քրիստոսին։ Ինչպե՞ս է Քրիստոսն ազատում մեզ ծեսերի ու ավանդույթների կապանքներից։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, միայն Դու կարող ես ինձ ազատել ամեն տեսակ կապանքից և առաջնորդել դեպի ճշմարիտ ազատություն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 7-8, Եփեսացիներին 3