.
2026թ., Սեպտեմբերի 24

Հոբ 2. 7-13                                                                                  Հինգշաբթի   |   Սեպտեմբեր 24

 

․․․ նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։ Հոբ 2․13

 

ԸՆԿԵՐՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ

 

Երբ քսանվեց տարեկան էի, մի անգամ Աստվածաշնչի սերտողության ժամանակ խոսեցինք խնդիրների ու հոգսերի մասին։ Պարզվեց, որ ներկաներից շատերը դժվար ժամանակներ էին ապրում և վհատված էին։ Ես հարցրի․ «Եթե մենք քրիստոնյաներ ենք, ապա ինչո՞ւ ենք այդքան ընկճված։ Մի՞թե չգիտենք, թե ի վերջո ինչ է լինելու»։ Ես նկատի ունեի հավիտենական կյանքի մասին Աստվածաշնչի խոստումը, ինչպես նաև այն բազմաթիվ հավաստիացումները, որ Աստված հոգ կտանի Իր ժողովրդի մասին։ Սերտողություն վարողը պարզապես ժպտաց և շարունակեց սերտողությունը։ Իսկ իմ հարցը տարիներ շարունակ մնաց ինձ հետ իմ մտքում։

Ի վերջո, դժվարությունները հասան նաև ինձ։ Աշխատանքի կորուստը, հիվանդություններն ու կյանքի մյուս ծանր փորձությունները ժամանակի ընթացքում ինձ նույնպես հանգեցրին վհատության ու հոգեկան ծանր վիճակի։ Այդ ժամանակ ավելի խորությամբ հասկացա, որ թեև Աստծո խոստումները ճշմարիտ են և մեծ մխիթարություն են տալիս, սակայն Աստվածաշունչը մեզ չի խոստանում հեշտ ու անհոգ կյանք։ Ընդհակառակը՝ Հիսուսն ասաց․ «Աշխարհում նեղություն պիտի ունենաք» (Հովհ. 16․33)։ 

Բնական է, որ երբեմն կյանքում դժվար ու ցավոտ ժամանակներ ենք ապրում։ Նման ծանր փորձության միջով անցավ նաև Հոբը։ Նա կորցրեց իր զավակներին, ունեցվածքն ու առողջությունը (Հոբ 1․13-20, 2․7)։ Նրա ընկերները եկան՝ նրան սատարելու համար (Հոբ 2․11-13)։ Սկզբում նրանք պարզապես լուռ նստում էին նրա կողքին՝ տեսնելով, նրա «որ ցավը չափազանց մեծ էր» (հ. 13)։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք սկսեցին հարցեր տալ, որոնք շատ նման էին այն հարցին, որ ես տարիներ առաջ տվել էի Աստվածաշնչի սերտողության ժամանակ։ Իսկ Հոբի համար այդ հարցերը ոչ թե մխիթարություն, այլ նոր ու լրացուցիչ ծանրություն դարձան։

Երբ հանդիպում ենք դժվարությունների միջով անցնող մարդկանց, Սուրբ Հոգու օգնությամբ կարող ենք սիրով և կարեկցանքով մոտենալ նրանց և ցուցաբերել համապատասխան աջակցություն։ Իսկ երբ մենք ինքներս ենք վշտի և ցավի մեջ, հիշե՛նք այն մխիթարության մասին, որ տալիս են Աստծո խոստումները։

 

Դժվար ժամանակներում ինչպե՞ս են մեր ընկերներն օգնել և աջակցել մեզ։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք իմաստությամբ և նրբանկատորեն օգնել ուրիշներին։ 

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, սովորեցրո՛ւ ինձ իմաստությամբ մխիթարել ուրիշներին։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երգ Երգոց 4-5, Գաղատացիներին 3