Ա Թեսաղոնիկեցիներին 4. 13-18 Չորեքշաբթի | Սեպտեմբեր 23
Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Ա Թես․ 4․13
ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ
Մայրիկս երեկոյան՝ մոտավորապես ժամը իննին, զանգահարեց ու հայտնեց ցավալի լուրը. «Հայրիկը մահացել է»։ Թեև ես արդեն մի քանի օր սպասում էի այդ զանգին և հասկանում, որ հայրս այլևս չի տառապի, այնուամենայնիվ այդ լուրը ցնցեց ինձ։ Ես անդադար լաց էի լինում, և մի քանի շաբաթ պահանջվեց, մինչև վիշտս փոքր-ինչ թեթևացավ։
Մեզ համար չափազանց ծանր էր այդ կորուստը, սակայն խորապես սգում էին հատկապես մեր այն հարազատները, ովքեր անհավատ էին։ Նրանց պատկերացմամբ՝ հայրիկը հեռացել էր ընդմիշտ։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, թե ինչպես է Քրիստոսի հանդեպ հավատն օգնում մեզ հաղթահարել նման ծանր ժամանակները։
Պողոսը բացատրում էր, որ ինչպես Հիսուսը հարություն առավ մեռելներից, այնպես էլ Նրան հավատացողները մի օր հարություն կառնեն (Ա Թես. 4․14)։ Դա տեղի կունենա այն օրը, երբ Նա մեզ Իր մոտ կհավաքի (հ. 16-17)։ Առաքյալը գրեց այս խոսքերը, որպեսզի մենք չտրտմենք «ինչպես ուրիշները, որ հույս չունեն» (հ. 13)։ Արցունքների միջից ինձ մխիթարում էր այն գիտակցումը, որ մի օր կրկին կտեսնեմ հայրիկիս։
Աստվածաշունչը մեզ կոչ չի անում հրաժարվել մեր զգացմունքներից։ Նույնիսկ Հիսուսը լաց եղավ Ղազարոսի համար, թեև պատրաստվում էր հարություն տալ նրան (Հովհ. 11․34-44)։ Բացի այդ, մեր բոլոր մահացած հարազատները չէ, որ հավատացյալներ են եղել, և մենք չգիտենք՝ արդյոք նրանք մահից առաջ ապաշխարել են։ Սակայն նույնիսկ նման դեպքերում մենք հույս ունենք։ Եկե՛ք ուրախանանք, որ Քրիստոսի շնորհիվ մի օր կրկին կտեսնենք մեր փրկված հարազատներին։ Իսկ մյուսներին նույնպես վստահե՛նք Նրա հոգատարությանը։
Ո՞ր իրավիճակներում ենք զգացել Քրիստոսի հանդեպ ունեցած հույսի զորությունը։ Ինչո՞վ է այդ հույսը տարբերվում աշխարհի պատկերացումներից։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քեզ հավատացած և այս կյանքից հեռացած իմ հարազատները Քո ապահով ու հոգատար ձեռքերում են։ Շնորհակալ եմ նաև այն հույսի համար, որ մի օր Դու մեզ կրկին կհավաքես Քո ներկայության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Երգ Երգոց 1-3, Գաղատացիներին 2