Ա Թագավորների 16. 6-12 Երկուշաբթի | Սեպտեմբեր 21
Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Մատթ․11․28
ԻՐԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Լուսանկարը պարզապես հիասքանչ էր. 65901 համարի շոգեքարշը, գոլորշու մեջ պարուրված, անցնում էր գյուղական ճանապարհի երկաթուղային անցումով։ Հետաքրքրությամբ կարդացի դրա մասին տեղեկությունը․ «J38 դասի վերջին շոգեքարշը շահագործումից հանվել է 1967 թվականին»։ Գնացքների սիրահարի համար սա իսկական դոֆամինային հաճույք էր։ Այդ ծանր ու լարված շրջանում այն իսկապես ինձ անհրաժեշտ էր։ Բայց ես նաև հասկանում էի, որ իսկապես հանգստանալու համար հոգուս ավելին է պետք։
Սավուղ թագավորը նույնպես օգնության կարիք ուներ իր կյանքի դժվարին ժամանակահատվածում։ Աստված մերժեց նրան «որ նա չթագավորի Իսրայելի վրա» (Ա Թագ. 16․1)։ Համառ ու ինքնակամ լինելով՝ Սավուղը «Տիրոջ առաջ» չարիք գործեց (Ա Թագ. 15․19)։ Արդյունքում «Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան» (Ա Թագ. 16․14)։ Այդ ծանր ժամանակներում Դավթի հանգստացնող երաժշտությունը ժամանակավորապես թեթևացնում էր Սավուղի տառապանքը (հ. 23)։
Իսկապես օգտակար է երբեմն շեղվել ու զբաղվել ինչ-որ հանգստացնող բանով, սակայն դա չի կարող մեզ տալ այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Սավուղը հանգստանում էր Դավթի երգերից, բայց երբեք անկեղծորեն չէր փնտրում Նրան, Ով այդ երգերի շնորհն էր տվել։ Այդ պատճառով նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ (Ա Թագ. 31)։
Դժվար ժամանակներում Աստված Իր ողորմությունն է ցույց տալիս՝ մեր կյանք ուղարկելով մարդկանց և այնպիսի զբաղմունքներ, որոնք թեթևություն ու մխիթարություն են բերում։ Սակայն եկե՛ք դրանով չսահմանափակվենք։ Մեր հույսը դնենք Նրա վրա, Ով կանգնած է այդ բոլոր պարգևների հետևում, Ով ասաց․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11․28)։
Ի՞նչ ենք զգում, երբ հիշում ենք, որ մեր կյանքում եղած ամեն բարի բան Աստծուց է գալիս։ Դժվար ժամանակներում ի՞նչ թեթևություն ու մխիթարություն է Աստված պարգևել մեզ։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, երբեմն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց շնորհակալ եմ այն պահերի համար, երբ թեթևություն ու խաղաղություն եմ զգում։ Թող դրանք միշտ առաջնորդեն սիրտը դեպի Քեզ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ժողովող 7-9, Բ Կորնթացիներին 13