Մատթեոս 6. 25-34 Ուրբաթ | Սեպտեմբեր 18
Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Մատթ․ 6․33
ՓՆՏՐԵ՛Ք ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Փոքր թոռս գիշերեց մեր նոր տանը իր համար հատուկ պատրաստված մահճակալի վրա, որին դեռ սովոր չէր: Նա ուրախությունից հրճվում էր, երբ մենք գիրք էինք կարդում «դինոզավրերի վրանի» տակ, որը ես կանգնեցրել էի մահճակալի վրա: Բայց երբ քնելու ժամանակը եկավ, նա անհանգիստ աչքերով նայեց ինձ և հարցրեց. «Ինչպե՞ս գտնեմ քեզ, եթե անհրաժեշտ լինի»: Այդ պահին մի միտք ծագեց։ Նվերների փաթեթավորման տուփի մեջ ժապավենի մի գլանակ գտա։ Միասին այն բացեցինք ու ժապավենը նրա մահճակալից միջանցքով հասցրինք մինչև իմ ննջասենյակը։ «Մի՛ անհանգստացիր, - ասացի ես,- Եթե գիշերն իմ կարիքն ունենաս, պարզապես գնա ժապավենի հետևից, և ես այնտեղ կլինեմ»: Փոքրիկի դեմքը միանգամից պայծառացավ։
Լեռան քարոզում Հիսուսը խոսում է մեր հոգսերի մասին․ «Ի՞նչ ուտենք, կամ ի՞նչ խմենք, կամ ի՞նչ հագնենք» (Մատթ. 6.31)։ «Հոգալ» բառի հունարեն արմատը նշանակում է «երկուսի բաժանվել»՝ կարծես բաժանվել Աստծուն վստահելու և սեփական ուժերին ապավինելու միջև։ 33-րդ համարում Հիսուսը տալիս է լուծումը․ «Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։ Սա կոչ է՝ ընտրելու այն միակ ուղղությունը, որն ուղիղ դեպի Նա է տանում։
Երբ անհանգստությունները կսկսեն մեզ ճնշել, եկե՛ք հետևենք դեպի Աստծո Արքայություն տանող այդ «ժապավենին»՝ վստահ լինելով, որ մնացած ամեն ինչի մասին Նա կհոգա։
Ինչպե՞ս է գիտակցումը, որ Աստված մեզ հետ է թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, օգնում հաղթահարելու մեր անհանգստությունները։ Ինչպե՞ս կարող ենք այսօր «հետևել այն ժապավենին», որը մեզ առաջնորդում է դեպի Աստծո Արքայություն։
Աղոթք – Տե՛ր իմ, օգնի՛ր ամեն օր փնտրելու Քո Արքայությունը։ Գիտեմ, որ Դու հոգում ես հոգալ իմ բոլոր կարիքները։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 30-31, Բ Կորնթացիներին 11. 1-15