Մարկոս 4․35-41 Երեքշաբթի | Սեպտեմբեր 15
Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ Մարկ․4․39
ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Զամբիայի սաֆարիի փորձառու ուղեկցորդ Մեննին ուշադիր նայում էր հսկա փղին, որը կանգնած էր թավուտում` իրենից ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա։ Փղի քունքային գեղձերից առատորեն հեղուկ էր արտազատվում՝ վկայելով տեստոստերոնի՝ ագրեսիայի հետ կապված հորմոնի բարձր մակարդակի մասին։ Մեննիի հետևում դպրոցական տղաների մի խումբ տեղում քարացել էր, ոչ ոք չէր համարձակվում շարժվել։
Հանկարծ փիղը հարձակվեց նրանց վրա։ Բայց նախքան տղաները կհասցնեին արձագանքել, Մաննին առաջ եկավ և հրամայական ձայնով գոչեց․ «Կա՛նգ առ։ Հե՛տ գնա»։ Անհավատալի էր, բայց հսկա կենդանին կարծես գամվեց տեղում, ապա մի կողմ շրջվեց և հեռացավ։ Դպրոցականներն ակնածանքով նայում էին ուղեկցորդին՝ հիանալով նրա խիզախությամբ։ Սակայն Մեննին լավ էր հասկանում, թե որքան վտանգավոր էր այդ իրավիճակը։ Իսկ որպես քրիստոնյա՝ նա նաև գիտեր, որ պատմության մեջ միայն մեկ Անձ է իսկապես իշխանություն ունեցել բնության վրա՝ Հիսուսը։
Աշակերտները, որոնցից շատերը փորձառու ձկնորսներ էին, հայտնվեցին ուժեղ փոթորկի մեջ և խուճապի մատնվեցին։ Հուսահատված՝ նրանք արթնացրին քնած Հիսուսին ու ասացին Նրան․ «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք» (Մարկ. 4․38)։ Հավանաբար, նրանք ակնկալում էին, որ Նա կօգնի իրենց ջուրը դուրս հանել նավակից։ Սակայն Հիսուսը սաստեց քամուն և ասաց ծովին․ «Լռի՛ր, հանդարտվի՛ր» (հ. 39)։ Եվ լռություն տիրեց։
Երբ մեզ անօգնական զգանք կամ գայթակղվենք Աստծուն հարցնելու՝ «Քեզ հոգ չէ՞», եկե՛ք հիշենք Տիրոջ անսահման զորության մասին, որն անհամեմատ գերազանցում է մարդկային բոլոր հնարավորությունները։ Նա Ամենազոր է և հոգատար։
Կյանքի ո՞ր իրավիճակներում կամ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող ո՞ր իրադարձությունների առնչությամբ ենք մեզ անզոր զգում։ Ինչպե՞ս է մեր վրա ազդում Քրիստոսի անըմբռնելի զորության գիտակցումը։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում մեր մասին։ Օգնի՛ր այսօր ապավինել ոչ թե իմ սեփական ուժերին, այլ Քո անսահման զորությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակաց 22-24, Բ Կորնթացիներին 8