.
2026թ., Սեպտեմբերի 9

Ղուկաս 14.15-24 1. 27, 2. 1-4                                                   Չորեքշաբթի   |   Սեպտեմբեր 9

 

Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի:  Ղուկ. 14.23

 

ԱՍՏԾՈ ՀՐԱՎԵՐԸ

 

Ընկերուհուս հարսանիքից առաջ մենք մեծ խնամքով պատրաստում էինք սեղանները երկու հարյուր հյուրի համար. ուրախ սպասումով մի քանի ժամ շարունակ ծալում էինք անձեռոցիկները, հարթում սփռոցները, հավասարեցնում սպասքը և դասավորում ծաղիկները։ Այս ամբողջ աշխատանքից հետո անհամբերությամբ սպասում էինք՝ տեսնելու, թե ինչպես են հյուրերը գնահատելու մեր ջանքերը։ Սակայն, ցավոք, հրավիրվածներից շատերը չեկան։ Մենք հիասթափված նայում էինք դատարկ մնացած տեղերին։

Հիսուսը նմանատիպ մի պատմություն պատմեց այն փարիսեցիներին, որոնց հետ սեղան էր նստած (Ղուկ. 14.15-20)։ Տիրոջ առակում մի մարդ մեծ խնջույք էր պատրաստել բազմաթիվ հյուրերի համար, սակայն նրանք հանկարծ սկսեցին հրաժարվել՝ անհիմն արդարացումներ բերելով։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, որոշեց հրավիրել նրանց, ում հասարակությունը մերժում էր՝ «աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին» (հ. 21)։ Սակայն տեղերը դեռևս մնացել էին, և այդ ժամանակ տանտերը ծառային պատվիրեց գնալ փողոցներով ու համոզել բոլոր հանդիպած մարդկանց գալ խնջույքին (հ. 23)։

Այս առակը ցույց է տալիս, թե ինչպես Աստծո ընտրյալ ժողովրդից շատերը մերժեցին Հիսուս Քրիստոսին և չընդունեցին Աստծո Արքայություն մտնելու Նրա հրավերը ( Հովհ. 1.11): Այդ ժամանակ Տերն Իր կոչն ուղղեց հեթանոսներին՝ ոչ հրեական ծագում ունեցող մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր հավատքով ընդունում են Փրկչին, ցանկալի հյուրեր են Աստծո խնջույքի սեղանի շուրջ՝ անկախ նրանից, թե աշխարհն ինչպես է վերաբերվում նրանց։ Եվ դռները դեռ բաց են։

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է Աստծո Արքայության խնջույքի հյուրերի ցուցակը։ Ինչպե՞ս կարող ենք տարածել Բարի լուրը։

 

Աղոթք Տե՛ր, շնորհակալ եմ, որ կանչել ես Քեզ հետ կենդանի հաղորդակցություն ունենալու համար։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակաց 6-7, Բ Կորնթացիներին 2