.
Լսի՛ր, ապրի՛ր, փոխանցի՛ր․ ՀԱԵ կանանց խմբերի առաջնորդների երկօրյա սեմինար «Շողիկ» ճամբարում

Սեպտեմբերի 4-5-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կանանց խմբերի առաջնորդների երկօրյա սեմինար հանդիպում, որին մասնակցեց շուրջ 40 քույր, Հայաստանի տարբեր մարզերից։ Հանդիպման նպատակն էր ոչ միայն նոր գիտելիքներ փոխանցել, այլև զորացնել կանանց խմբերի առաջնորդներին՝ իրենց ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելու, Աստծո Խոսքը խորությամբ ուսումնասիրելու և այն գործնականում կիրառելու համար։

Երկօրյա հանդիպումը համատեղեց ուսուցումը, հոգևոր հաղորդակցությունը, միաբան աղոթքը, փառաբանությունն ու գործնական աշխատանքը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև միմյանց հետ կիսվելու իրենց փորձառությամբ, քննարկելու ծառայության ընթացքում հանդիպող հարցերն ու միասին փնտրելու դրանց լուծումները։

Սեմինարի բանախոսը ՀԱԵ կրթական ծրագրերի պատասխանատու Շուշան Ենգիբարյանն էր։ Նրա երեք դասախոսություններն անդրադարձան կանանց խմբերի առաջնորդների ծառայության համար կարևոր երեք ուղղությունների՝ 30-ից բարձր կանանց տարիքային առանձնահատկություններին, առաջնորդի դերին և արդյունավետ սերտողության վարման հմտություններին։

Առաջին դասախոսության ընթացքում մասնակիցները դիտարկեցին, թե ինչպես են կյանքի տարբեր փուլերն ազդում կնոջ կարիքների, հարցերի և աստվածաշնչյան նյութն ընկալելու ձևի վրա։ Շեշտվեց, որ 30-ից բարձր կանանց հետ սերտողությունը չի կարող կառուցվել «մեկ չափս՝ բոլորի համար» սկզբունքով։ Անհրաժեշտ է հաշվի առնել կնոջ կյանքի փուլը, փորձառությունը, հարաբերությունները, կարիքներն ու կյանքի  իրական հարցերը։

Միևնույն ժամանակ, կարևոր միտք էր այն, որ մենք չենք փոխում Աստծո Խոսքը՝ կնոջ տարիքին համապատասխանեցնելու համար, այլ փոխում ենք այն ճանապարհը, որով օգնում ենք նրան լսել, հասկանալ և կիրառել Խոսքն իր կյանքի իրականության մեջ։

Երկրորդ դասախոսության ընթացքում խոսվեց քրիստոնեական կրթության մեջ ուսուցչի դերի մասին։ Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա Աստծո Խոսքը կապում է սովորողի կյանքի հետ և իր խոսքով, բնավորությամբ ու անձնական օրինակով կարող է նպաստել նրա հոգևոր աճին։ Արդյունավետ ուսուցման համար կարևոր են ոչ միայն գիտելիքն ու պատրաստվածությունը, այլև խանդավառությունը, ներգրավվածությունը, ապրումակցումը և սովորողին աճելու մարտահրավեր նետելու կարողությունը։

Երրորդ դասախոսությունը նվիրված էր սերտողության արդյունավետ վարմանը։ Մասնակիցները սովորեցին, թե ինչպես առաջնորդը կարող է լինել ոչ թե պարզապես դասախոս, այլ խմբին ուղեկցող անձ, որը ստեղծում է անվտանգ միջավայր, խրախուսում քննարկումը, օգնում մասնակիցներին ինքնուրույն մտածել և կապել Աստվածաշնչի ճշմարտությունն իրենց կյանքի հետ։ Քննարկվեցին հարցերի տարբեր տեսակներ, արդյունավետ արձագանքներ և խմբում առաջացող դժվար իրավիճակների կառավարման եղանակներ։

Այս ամենը չմնաց միայն տեսական մակարդակում։ Գործնական հանձնարարությունների և փոքր խմբերով քննարկումների ընթացքում քույրերը հնարավորություն ունեցան անմիջապես կիրառելու սովորած մեթոդներն ու հմտությունները՝ տեսնելով, թե ինչպես կարող են դրանք օգտագործվել իրենց տեղական կանանց խմբերում։

Երկօրյա հանդիպման կարևոր բաղադրիչը հոգևոր հաղորդակցությունն էր։ Սեմինարի երկու օրն էլ մեկնարկեց պաշտամունքով, միասնական փառաբանությամբ, աղոթքով և սուրբգրային պատգամով։

Առաջինը խոսեց պատվելի Արկադի Հանիսյանը, պատգամն Աստծո Խոսքի գերակայության մասին էր։ Պատվելին խոսեց այն վտանգների մասին, որոնք թաքնված են սեփական զգացողություններին, երազներին ու անձնական փորձառությանն ավելի մեծ հեղինակություն տալու, քան Աստծո գրված Խոսքին հետևելու մեջ։ Անձնական պատմությունն ու փորձառությունը կարող են ծառայել որպես նկարազարդում, սակայն երբեք չպետք է դառնան հոգևոր հեղինակության հիմք։

Պատվելի Արկադին առաջնորդների ուշադրությունը հրավիրեց Ա Կորնթացիների 2․1-5 հատվածի վրա՝ ընդգծելով, որ Պողոս առաքյալի ծառայության կենտրոնում ոչ թե մարդկային հռետորությունն ու իմաստությունն էին, այլ Հիսուս Քրիստոսը՝ խաչված։ Այս պատգամի հիման վրա առանձնացվեցին հոգևոր առաջնորդության կարևոր սկզբունքներ՝ ծառայություն առանց ինքնափառաբանության, Քրիստոսին ուսուցման կենտրոնում պահելը, Սուրբ Հոգու ներգործությանը վստահելը և այնպիսի հավատքի ձևավորումը, որը հիմնված է ոչ թե մարդու, այլ Աստծո զորության վրա։

Երկրորդ օրը վերապատվելի Վարդան Ափինյանի պատգամի կենտրոնում էր Աստծո Խոսքը լսելուց այն ապրելու և փոխանցելու ճանապարհը։ Բ Տիմոթեոս 2․1-2-ի հիման վրա մասնակիցներին հիշեցվեց եկեղեցու շարունակական առաքելությունը՝ այն, ինչ ստացել ենք, ոչ միայն պահել մեզանում, այլև փոխանցել նրանց, ովքեր կարող են այն փոխանցել ուրիշներին։ Պատգամի առանցքային միտքը կարելի է ամփոփել երեք բառով՝ լսի՛ր, ապրի՛ր և փոխանցի՛ր։

Այս շեշտադրումն առանձնահատուկ կարևոր էր հանդիպման ամբողջ տրամաբանության համար։ Առաջնորդությունը միայն սովորելը չէ, այն նաև սովորածը սեփական կյանքում ապրելու և հետո ուրիշներին փոխանցելու պատասխանատվությունն է։

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաև աշխատանքային հանդիպում կանանց խմբերում առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։ Առաջնորդները հնարավորություն ունեցան անկեղծորեն խոսելու իրենց խմբերում նկատվող կարիքների, դժվարությունների և ծառայության ընթացքում հանդիպող հարցերի մասին։ Աշխատանքային խումբը լսեց և ի գիտություն առավ բարձրացված կարիքները՝ հետագայում աջակցության հնարավոր միջոցներ մշակելու նպատակով։

Քննարկվեց նաև կանանց խմբերի համար ընդհանուր սերտվելիք նյութերի անհրաժեշտությունը։ Առաջնորդները ներկայացրին իրենց առաջարկներն ու հետաքրքրությունները, որոնք կարող են հիմք դառնալ հետագա ուսուցողական նյութերի և ծրագրերի մշակման համար։

Այսպիսով, Հանքավանի «Շողիկ» ճամբարում անցկացված երկու օրերը դարձան ոչ միայն վերապատրաստման, այլև հոգևոր զորացման, փորձի փոխանակման, միմյանց լսելու և ծառայության հետագա քայլերը միասին տեսնելու հնարավորություն։

Հանդիպման հիմնական ուղերձը կարելի է ամփոփել հենց այն երեք բառով, որոնք հնչեցին երկրորդ օրվա պատգամում՝ լսել Աստծո Խոսքը, ապրել այն և փոխանցել ուրիշներին։ Եվ հենց այս ճանապարհով է առաջնորդի ծառայությունը դառնում ոչ միայն սեփական աճի, այլև ուրիշների կյանքը Քրիստոսի մեջ կառուցելու միջոց։

Նախորդ
...
X