Եզեկիել 1.1-3, 26-28 Շաբաթ | Սեպտեմբեր 5
…երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։ Եզեկ. 1.1
ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆԸ
Ես հրաժեշտ տվեցի տան յուրաքանչյուր սենյակին։ Ձեռքս սահեցրի ճաղաշարի վրայով՝ անգիր անելով ամեն մի խորշ ու անհարթություն։ Լսեցի հատակի ծանոթ ճռճռոցը, մատով շոշափեցի լոգարանի դռան շրջանակը, որի վրա ծնողներս ամեն տարի՝ ծննդյանս օրը, նշում էին, թե որքան եմ մեծացել․ «Տանյա՝ 4 տարեկան, 5 տարեկան, 6 տարեկան»։
Մեկ տարի առաջ ես ու ամուսինս գնեցինք ծնողներիս տունը, վերանորոգեցինք ու դարձրինք մեր «երազանքի տունը»։ Հույս ունեինք այնտեղ ապրել մոտ քառասուն տարի, ինչպես ծնողներս, սակայն որոշ հանգամանքների պատճառով այժմ ստիպված էինք այն վաճառել։ Մենք գիտեինք, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց տեղափոխվելու օրը սիրտս լուռ արտասվում էր։
Խոսքը շենքի կամ հողատարածքի մասին չէ։ Խոսքը պատկանելիության մասին է։ Անկախ նրանից՝ որտեղ ենք ապրում կամ կյանքի ինչ փուլում ենք գտնվում, բոլորս էլ երբեմն զգում ենք, որ «տանը չենք»։
Եզեկիել մարգարեն, լինելով քահանա (Եզեկ. 1.3), պետք է ծառայեր իր սիրելի Երուսաղեմի տաճարում։ Սակայն նրան և մյուս իսրայելացիներին գերության տարան։ Մի՞թե այժմ Աստված նրանց կթողներ օտար երկրում։ Ո՛չ։ Եզեկիելի մխիթարությունն այն էր, որ Աստված եկավ նրա մոտ․ «Այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ» (հ. 3)։
Եթե ձեր ներկայիս իրավիճակում ձեզ «տանը չեք զգում», մխիթարվե՛ք այն մտքով, որ Աստված միշտ ձեզ հետ է։ Նրա ձեռքը բոլոր նրանց վրա է, ովքեր հույսը դրել են Նրա վրա։
Կյանքի ո՞ր ոլորտներում ենք մեզ «ոչ մեր տեղում» զգում։ Ի՞նչ է փոխվում, երբ գիտակցում ենք, որ Աստված մեր կողքին է։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ խոստացել ես երբեք չթողնել մեզ՝ որտեղ էլ լինենք և ինչ էլ անենք։ Լցրո՛ւ մեզ Քո Սուրբ Հոգով, օգնի՛ր ապաստան գտնել Քո մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 146-147, Ա Կորնթացիներին 15. 1-28