Ա Կորնթացիներին 3.5-11
Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Ա Կորնթ.3.7
ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Դա իմ կյանքում հոգևոր երգեր գրելու ստեղծագործական առաջին փորձառությունն էր։ Յորքշիր կոմսությունում հավաքվել էր շուրջ վաթսուն երաժիշտ՝ Աստծո փառքի համար երգեր ստեղծելու նպատակով։ Նրանց թվում կային իսկապես շնորհալի երաժիշտներ, իսկ ես հազիվ էի կարողանում կիթառով մի քանի պարզ ակորդ նվագել, ուստի նրանց կողքին ինձ մի տեսակ անպետք էի զգում։ Սակայն վերջին երեկոյի ընթացքում մենք մեծ ոգևորությամբ կատարեցինք մեր բոլոր երգերը, այդ թվում՝ նաև իմը։ Յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ այդ փառաբանության մեջ, նույնիսկ ես։
Եկեղեցին կառուցվում է նրա անդամների ձեռքերով և սրտերով։ Պողոսը կորնթացիներին բացատրում էր, որ եկեղեցու աճը մեկ մարդու վաստակը չէ, այլ Աստծո գործն է, որն իրականանում է շատերի միջոցով։ «ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ…»,– գրում է նա (Ա Կորնթ. 3.5)։
Մենք տարբեր գործեր ենք կատարում. ոմանք «տնկում» են, մյուսները՝ «ջրում» Ավետարանի սերմերը, սակայն աճեցնողն Աստված է (հ. 6-7)։ Նրա Թագավորությունը կառուցվում է ոչ թե մարդկային տաղանդների կամ ճանաչված լինելու, այլ շնորհի գերբնական ներգործության վրա (հ. 10)։ Եվ Աստծո հետ «գործակիցներ» դառնալը մեզ համար իսկապես զարմանալի արտոնություն է: Ծառայելով Նրա նպատակներին և Նրա փառքին՝ մենք մասնակից ենք դառնում Նրա գործին (հ. 9)։
Հեշտ է ուրիշի տաղանդի և ձեռքբերումների հանդեպ ակնածանք ունենալ և ինքներս մեզ «սովորական» համարել։ Սակայն Տերն այլ կերպ է նայում։ Հենց Նա է մեր ծառայությունը դարձնում գեղեցիկ ու արժեքավոր։ Նրա եկեղեցում տեղ և գործ կա յուրաքանչյուրի համար, ով սիրում է Քրիստոսին և ցանկանում է ծառայել Նրան։
Ի՞նչ պարգևներով է Աստված օժտել մեզ։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել դրանք Նրա փառքի համար։
Աղոթք – Տեր, շնորհակալ եմ Քո Թագավորության կառուցման գործակից դարձնելու համար:Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 137-139, Ա Կորնթացիներին 13