.
Բացի՛ր դուռը, կանչի՛ր և տե՛ս ավելին: Ամփոփելով «Շողիկ» ճամբարի հոգևոր ամառը

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) «Շողիկ» ճամբարի հոգևոր աճի ամառն ավարտվեց: Հունիսի 29-ից օգոստոսի 19-ը  տեղի ունեցան 2026 թ.-ի ամառային ճամբարները, որոնք դարձան երեխաների, պատանիների և երիտասարդների համար հետաքրքիր բացահայտումների, նոր ընկերությունների, ուրախության և հոգևոր աճի յուրահատուկ ժամանակաշրջան։ Այս ընթացքում իրականացվեց 4 ճամբար՝ տարբեր տարիքային խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ խորագիրն ու ուղերձը։

Մանկական ճամբարի թեման էր՝ «Թըխկ, թըխկ, բացի՛ր դուռը», որին երեք հերթափոխով մասնակցեց 630 մանուկ։ Ճամբարը երեխաներին հրավիրում էր բացելու իրենց սրտի դուռը և ճանաչելու Աստծուն։ Ամեն օր նրանք խորհրդանշական կերպով բացեցին մեկ փակ դուռ, ներսում գտան իրենց և սովորեցին լինել սիրող զավակ ընտանիքում, հավատարիմ ընկեր շրջապատում, պատասխանատու քաղաքացի հայրենիքում և նվիրված քրիստոնյա՝ եկեղեցում։  Մենիկ պահերին մանուկներին սպասվում էր «շինարարություն». նրանք քայլ առ քայլ կառուցեցին տուն՝ յուրաքանչյուր հատվածը կապելով Աստվածաշնչի կարևոր ճշմարտությունների հետ։

Պատանեկան ու մանկապատանեկան ճամբարների խորագիրն էր՝ «Կանչի՛ր 33.3»՝ հիմքում ունենալով Երեմիա 33.3-ը, որն առավոտյան խորհրդածության թեման էր։ Բիբլոդրամաների միջոցով մասնակիցներն ականատես եղան Աստծո կանչին Սամուելի և Պողոսի օրինակով, և մարդու կանչին դեպի Աստված՝ Կույր Բարտիմեոսի և Հովնանի օրինակով։ Այնուհետև սերտողությունների շնորհիվ սովորեցին ոչ միայն Աստծո կանչը լսելու, այլ նաև դժվարության և փոթորիկների մեջ Աստծուն դիմելու, կանչելու, Նրան վստահելու և հետևելու անհրաժեշտության մասին: Պատանեկան ճամբարը երեք հերթափոխով ունեցավ 570, իսկ մանկապատանեկանը՝ երկու հերթափոխով 400 մասնակից։

Երիտասարդական ճամբարի խորագիրն էր «Տե՛ս ավելին», որի նպատակն էր օգնել յուրաքանչյուր երիտասարդի անձամբ հանդիպել Աստծուն, ճանաչել Նրա գործը սեփական կյանքում և ճամբարից հեռանալ նոր հայացքով՝ տեսնելով ավելին, քան կարող են տեսնել միայն մարդկային աչքերը։ Բիբլոդրամաների հիմքում Դավթի կյանքի երեք փուլերն էին։ Երիտասարդական երկու ճամբարին մասնակցեց թվով 360 երիտասարդ։

Աստծո Խոսքի ու հոգևոր արժեքների ուսուցումից զատ, ճամբարները հարուստ էին գեղարվեստական ու ժամանցային յուրօրինակ ծրագրերով, ակտիվ ու ինտելեկտուալ խաղերով, ուսուցողական ու տարիքային մարտահրավերներին պատասխանող սեմինարներով, գեղարվեստական մոտեցմամբ ձեռային աշխատանքներով ու հաղորդակցության բացառիկ պահերով:

Ամառային այս օրերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երբ մենք թակում ենք, դուռը բացվում է, երբ կանչում ենք, պատասխան ենք ստանում, իսկ երբ հավատքով առաջ ենք նայում, կարողանում ենք տեսնել ավելին։

Այսպիսով, այս տարվա ճամբարների ընդհանուր ուղերձը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ․ «Բացի՛ր դուռը, կանչի՛ր և տե՛ս ավելին»։

 

Հասմիկ Հարությունյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից

Նախորդ
...
X