Ելք 14. 10-18 Երկուշաբթի | Օգոստոս 24
Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք։ Ելք 14.14
ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջիմ Բրեդոկը հայտնի դարձավ նրանով, որ ռինգ էր բարձրանում ոչ թե փողի կամ փառքի, այլ իր ընտանիքին կերակրելու համար։ «Նոկդաուն» ֆիլմը պատմում է նրա՝ հեքիաթի նման ճանապարհի մասին. «արդեն իր լավագույն տարիներն անցած» բռնցքամարտիկից մինչև ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն։ Մեծ ճգնաժամի տարիներին, երբ ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ էր ապրում, Ջիմը կրկին ու կրկին վտանգում էր իր առողջությունն ու երբեմնի հեղինակությունը՝ հանուն իր երեխաների։ Նա համարձակորեն դուրս էր գալիս ցանկացած մրցակցի դեմ և մինչև վերջ պայքարում, որպեսզի կարողանա ապահովել իր ընտանիքը։
Մեզ նույնպես տրվել է Պաշտպան, Ով խոստացել է պայքարել մեզ համար։ Երբ Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիները տեսան, որ փարավոնի ահեղ զորքը մոտենում է իրենց, սարսափահար բացականչեցին` «մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում» (Ելք 14.12)։ Բայց Մովսեսը պատասխանեց. «Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք» (հ. 14)։ Եվ հենց այդպես էլ եղավ․ առանց իսրայելացիների որևէ ջանքի նրանց թշնամիները կործանվեցին ծովում։ Աստված Իր գերբնական զորությամբ ավարտեց այդ ճակատամարտը՝ դեռ մինչև այն սկսվելը։
Երբեմն մեզ թվում է, թե կյանքի փորձությունների կամ սատանայի նետերի դեմ (Սաղմ. 91.5) միայնակ ենք պայքարում։ Սակայն Տերը միշտ մեզ հետ է (Բ Օր. 31.6)։ Նա պայքարում է մեզ համար։ Ուստի լիարժեք վստահե՛նք Նրան և խաղաղ մնա՛նք։
Կյանքի ո՞ր մարտերում ենք սովորաբար փորձում հաղթահարել ամեն ինչ միայն մեր ուժերով։ Ի՞նչ է նշանակում մեզ համար վստահել Աստծուն, խաղաղ մնալ և մեր պայքարը հանձնել Նրա ձեռքերին։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, ես վստահում եմ Քեզ։ Պաշտպանի՛ր ինձ Քո զորությամբ և ամրացրո՛ւ իմ հավատը, որպեսզի ամեն իրավիճակում խաղաղությամբ ապավինեմ Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 116-118, Ա Կորնթացիներին 7. 1-19