.
2026թ., Օգոստոսի 22

Եփեսացիներին 3.13-20                                                                        Շաբաթ   |   Օգոստոս 22

 

Որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, 19 ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն… Եփ. 3.18-19

 

ՍԻՐՈ ՈՒԺԸ

Էնդրյուն մահանում էր։ Նա ընդամենը երեսուներկու տարեկան էր։ Բժիշկները վաղ շրջանում նրա մոտ հայտնաբերել էին ագրեսիվ լիմֆոմա և վստահեցրել, որ քիմիաթերապիա ստացած հիվանդների 90%-ն ապաքինվում է։ Բայց Էնդրյուն ցավոք նրանցից մեկը չեղավ։ Հետո սկսվեց ավելի ուժեղ բուժում, որի հաջողության հավանականությունը 70% էր։ Սակայն այն նույնպես չօգնեց։ Այնուհետև բժիշկները նշանակեցին իմունաթերապիա և ասացին, որ հաջողության 99% հավանականություն կա։ Էնդրյուն հայտնվեց այդ 1 տոկոսի մեջ։ Անընդհատ ձախողումները ստիպում էին Էնդրյուին կասկածել Աստծո բարության վրա։ Նրան միշտ սովորեցրել էին, որ Աստծուն չի կարելի կասկածի տակ դնել։ «Ես Աստծո գերիշխանությունն ընկալում էի որպես իմաստուն և արդար», -  ասում էր նա։ Սակայն այն ամենի մեջ, ինչ տեղի էր ունենում, նա չէր տեսնում ո՛չ իմաստություն, ո՛չ արդարություն։

Մի օր Էնդրյուն կարդաց մի աստվածաշնչյան հատված, և նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Պողոս առաքյալը շատ տառապանքներ էր կրել (Եփես. 3.13)։ Նա Եփեսացիներին ուղղված նամակը գրել էր բանտից (հ. 1)։ Սակայն նա չէր աղոթում, որ ազատվի իր տառապանքներից։ Փոխարենը՝ նա աղոթում էր, որ եփեսացիները ճանաչեն Աստծո սերն ամբողջությամբ, արմատավորվեն այդ սիրո մեջ և հասկանան դրա անսահման մեծությունը՝ լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը (հ. 17-18)։ «Ես հասկացա, որ Աստված Իր գերիշխանությունը հայտնում է սիրո միջոցով, - ասաց Էնդրյուն։ - Այն դրսևորվում է նրանով, թե ինչպես է Տերը մեզ առաջնորդում կյանքի փոթորիկների միջով»։ Կենտրոնանալով Աստծո սիրո վրա՝ Էնդրյուն իր կյանքի վերջին օրերն ապրեց խաղաղություն ունենալով իր սրտում։

Մեր հոգին արդարություն է փափագում։ Մենք ցանկանում ենք ապրել մի աշխարհում, որտեղ չկան քաղցկեղ, վաղաժամ մահեր և ցավալի կորուստներ։ Սակայն իրական կյանքը շատ ավելի բարդ է։ Երբ դժվար ժամանակներ են գալիս, ես աղոթում եմ, որ Տերն օգնի մեզ ամուր կառչել Նրա սիրուց, «որ գերազանցում է ամեն գիտություն» (հ. 19), և մխիթարություն գտնել այդ սիրո մեջ։

 

Ի՞նչ ենք մտածում Էնդրյուի այն խոսքերի մասին, որ «Աստված Իր գերիշխանությունը հայտնում է սիրո միջոցով»։ Այս շաբաթ ինչպե՞ս կարող ենք ավելի խորապես ապավինել Քրիստոսի անսահման սիրուն։        

 

Աղոթք Գթառատ Տե՛ր, Դու գիտես, թե ինչ է նշանակում տառապել։ Օգնի՛ր ինձ հասկանալ Քո սիրո լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունն իմ հանդեպ։ Թող ես միշտ ապավինեմ Քո անսահման սիրուն։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 110-112, Ա Կորնթացիներին 5